ArmStyle

Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնն ավարտեց իր երթը Հայաստանի մայրաքաղաքում: Այս ամենին դժվար է հավատալ, քանի որ դեռ մնացել են կորեական կինոյի լեգենդ Կիմ Կի-Դուկի հարյուրավոր լուսանկարները, դեռ լսվում է երևանյան ասֆալտով քայլող Աննա Մուգլալիսի (Կառլ Լագերֆելդի մուսան) բարձրակրունկ կոշիկների ձայնը, դեռ հիշվում են համաշխարհային կինեմատոգրաֆի դասական Քշիշտոֆ Զանուսսիի անկեղծ ուրախության և հպարտության արցունքները, երբ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նրան հանձնեց հատուկ մրցանակը` բարություն և մարդասիրություն քարոզելու համար:

Փառատոնի կազմակերպիչները կարողացան մի նշանաձող սահմանել, որից ավելի վեր հայտնվելն ամեն անգամ անհնար է թվում, և ամեն անգամ նրանց հաջողվում է ապացուցել հակառակը, և հենց սա է պատճառը, որ փառատոնն այդքան սպասված է:

Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը փակման պաշտոնական արարողության ժամանակ խոստովանեց, որ որքան էլ մեծ ուժ է խլում փառատոնի կազմակերպումը, սակայն այն փակելն ամեն դեպքում տխուր է, չէ՞ որ Երևանը փառատոնային շաբաթվա ընթացքում սովորում է անդադար կինոիրադարձությունների ռիթմին և մտերմանում է իր հյուրերի հետ:

«Չնայած մենք անհամբերությամբ սպասում էինք, թե երբ կանցնեն փառատոնի պատասխանատու յոթ օրերը, սակայն այսօր մենք բոլորս տխուր ենք, քանի որ շատ դժվար է հրաժեշտ տալ: Մենք փակում ենք հաջողված փառատոնը, որը հիանալի հյուրեր ունեցավ», — ասաց Խաչատրյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից:

Փառատոնի փակման ժամանակ հրապարակվեցին նաև հաղթողների անունները: Հիշեցնենք, որ փառատոնում կա չորս հիմնական անվանակարգ՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ»,«Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» երիտասարդ տաղանդների բացահայտման մրցույթը: Փառատոնի Գրան-պրիին արժանացավ, թերևս, փառատոնի ամենաաղմկահարույց ֆիլմը՝ ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը»:

Այս ֆիլմի մասին վստահությամբ կարելի է ասել՝ այն հասկանալի է առանց խոսքի: Այս ֆիլմում ոչ մի խոսք չի հնչում: Սակայն չարժե զարմանալ՝ չէ՞ որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում թույլ լսողների ինտերնատում, և ֆիլմի դերասաններն իրական կյանքում հաղորդակցվում են ժեստերի լեզվով:

Ֆիլմի սկզբում հանդիսատեսն անհարմարության զգացում է ունենում, սակայն շուտով ակամայից ներքաշվում է ֆիլմի գործողություններում, և անձայնության պատնեշը փլուզվում է: Ֆիլմը ստիպում է մտորել համամարդկային արժեքների և խնդիրների՝ սիրո, պայքարի և սխրագործության մասին:

Ժյուրիի անդամները, որը գլխավորում էր համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետներից մեկը՝ ռեժիսոր Մարկո Մյուլլերը, հաղթողին ընտրել են «հզոր ռեժիսուրայի համար, որը համադրում է ոճավորումն ու ռեալիզմը՝ ներկայացնելով հիանալի սիրո պատմություն և բռնության իրական դեմքը, այդ ֆիլմը նկարահանվել է առանց որևէ խոսքի՝ ներկայացնելով հիանալի տեսաշար»:

Ներկայացնելով այս ծրագրի ժյուրիի անդամների ընդհանուր կարծիքը՝ Աննա Մուգլալիսն ընդգծեց, որ ռեժիսոր Սլաբոշպիցկին այսօրվա եվրոպական կինոյի հզորագույն ձայներից է: Մրցանակը հանձնվեց ֆիլմի գլխավոր հերոսուհի Յանա Նովիկովային:

Յանային կարելի է իրավամբ համարել այս տարվա «Ոսկե ծիրանի» աստղը: Թեև  աղջիկը չի լսում, սակայն ֆիլմի ցուցադրությունից հետո նա անվերջանալի հարցազրույցներ ունեցավ, և ՖԻՊՐԵՍԻ անվանակարգում ֆիլմին մրցանակ հանձնող ժյուրիի անդամները չդիմացան երևանյան օպերայի բեմից հանդիսատեսի ֆոնին աստղի հետ «սելֆի» անելու գայթակղությանը:

Իսկ գեղեցկուհի Յանային այս ամենը շատ դուր եկավ, նա բեմից խոստովանեց, որ Հայաստանն այնքան է սիրել, որ անգամ չի ցանկանում հեռանալ, իսկ հեռանալով՝ սրտով և հոգով մնում է այստեղ: Սակայն օրը մրցանակներով և պարգևներով հարուստ էր ոչ միայն մրցութային ծրագրի մասնակիցների համար:

Օպերային թատրոնի բեմից դատարկաձեռն չհեռացավ նաև խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Մարկո Մյուլլերը: Համաշխարհային կինոարվեստում ունեցած անգնահատելի ներդրման համար «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավարության կողմից Մյուլլերն արժանացավ ամենաարժեքավոր մրցանակին՝ «Փարաջանովյան թալերին», որը հանձնվում է միայն փառատոնի «ամենա-ամենա» հյուրերին:
Իսկ Մյուլլերը հպարտությամբ հիշեց իր մեծանուն հայ ընկերների՝ Փարաջանովի և Փելեշյանի հետ աշխատանքի տարիները: Եվս մեկ թալեր հանձնվեց փառատոնի մեկ այլ հռչակավոր հյուրի՝ Եվրոպայում ամենասիրված չինացի ռեժիսոր, եվրոպական խոշորագույն կինոփառատոնների (Կաննի, Վենետիկի, Բեռլինի կինոփառատոններ) մշտական հյուր, ռեժիսոր Ցզյա Չժանկեին:

«Այս մարդն աշխարհում հայտնի է տարբեր ֆիլմերով և խոշոր մրցանակներով, սակայն նա նաև մանկավարժ է», — նրան ներկայացնելիս ասաց Հարություն Խաչատրյանը:

Իսկ Չժանկեն, որը տարբերվում է իր համեստությամբ, շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին ոչ միայն պատվավոր մրցանակի, այլև փառատոնի շրջանակներում իր յոթ ֆիլմերի ցուցադրության համար:

«Շնորհակալ եմ կինոյին, քանի որ կարծում եմ, որ այն ճանապարհ է դեպի ազատություն:

Հուսով եմ, որ իմ նոր ֆիլմով ես կրկին կգամ Հայաստան և կներկայացնեմ այն «Ոսկե ծիրանի» շրջանակներում», — ասաց Չժենկին: Սակայն «Ոսկե ծիրանը» վաղուց դադարել է զարմացնել իր ընկերներին միայն կինոյի ոլորտի մեծ անուններով:

Ընդհակառակը, պաշտոնական արարողությունների ժամանակ հանդիսատեսին միշտ որևէ արտառոց բան է սպասվում:

Հիշենք, օրինակ, որ նախորդ կիրակի փառատոնի բացման արարողության ժամանակ փառատոնի հյուրերը բացառիկ հնարավորություն ունեցան լսելու օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հիասքանչ  ձայնը՝ դուդուկի վարպետ Գևորգ Դաբաղյանի նվագակցությամբ:

Այս անգամ բարձր ծափողջույնների ուղեկցությամբ բեմ բարձրացավ Խորհրդային ջազի անզուգական թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և Հայաստանի վաստակավոր արտիստ, ջազմեն Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ կատարեց Միշել Լեգրանի «You must believe in spring» լիրիկական բալադը:

Սակայն ծրագրի գագաթնակետը հատուկ այդ երեկոյի համար պատրաստված հայկական պարային մոտիվը՝ հիասքանչ Տաթևիկի և Վահագնի մեկնաբանությամբ: Սակայն, ինչպես նշեց Հարություն Խաչատրյանը, փառատոնի շրջանակում, ցավոք, նշվում են ոչ միայն ձեռքբերումները, այլև կորուստները: Դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարի կյանքից հեռացած Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր և դերասան Արմեն Մազմանյանի հիշատակը, ով գլխավորում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:
Փառատոնի ղեկավարությունը որոշում է ընդունել Մազմանյանի անվան հատուկ մրցանակ հիմնել, և առաջին մրցանակակիրը դարձավ երիտասարդ ռեժիսոր Ալեն Մանուկյանը, ինչը խորհրդանշական է, քանի որ նա Մազմանյանի նախկին ուսանողն է եղել:

Եվ այսպես, այս տարվա «Ոսկե ծիրանը» դարձավ պատմություն` հայկական կինեմատոգրաֆի վերածննդի պատմություն, և թերթեց իր տասնմեկերորդ էջը։

Փառատոնը, ինչպես միշտ, իր մեջ միահյուսեց Արևելքի և Արևմուտքի գույները՝ ներկայացնելով լավագույնն ու հերթական անգամ արդարացնելով իր նշանաբանը՝ քաղաքակրթությունների և մշակույթներ խաչմերուկ: Իսկ փառատոնի կազմակերպիչներն արդեն սկսել են հաջորդ փառատոնի աշխատանքները. չէ՞ որ որպեսզի հաջորդ փառատոնն ավարտվածից ավելի լավը լինի, հարկավոր է անմիջապես գործի անցնել, ինչպես նրանք միշտ անում են:-0-