ArmStyle

Հայաստանում ընթերցանության տարածմանն ուղղված «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծին միացել են նաև քաղաքական գործիչները, «ԱՌԿԱ Style» գործակալությանն ասաց Հայաստանի ժամանակակից արվեստների միության ներկայացուցիչ Սոնյա Արսենյանը։ Միությունը ծրագրի նախաձեռնողն է։ 

«Սա գրքերի ինքնատիպ գովազդ է։ Այս անգամ մենք ներկայացնում ենք հինգ գիրք, որոնք հրատարակվել են «Անտարես» հրատարակչության կողմից և առաջարկվել են քաղաքական գործիչներին։ Նախագիծը խոստանում է հետաքրքիր լինել։ Ամռանը մենք հանդիպել ենք շոու–բիզնեսի ներկայացուցիչների հետ, և քննարկումները շատ հաջող անցան։ Չէինք էլ մտածում, որ այդ հանդիպումներին նման մեծ քանակությամբ մարդիկ կմասնակցեն», – ասաց Արսենյանը։ 

Ակցիայի նախաձեռնողներն առաջարկել են քաղաքական գործիչներին ընթերցել և քննարկել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք», Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները», Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունները։

Ամառային հանդիպմանը հետաքրքիր գրքեր ընթերցելու կոչով հանդես եկան Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը և Արտակ Վարդանյանը։

Գրքասեր քաղաքական գործիչներն են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Արծվիկ Մինասյանը, Անահիտ Բախշյանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, որոնց հետ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերին։
Արսենյանի խոսքերով` ներկայացված գրքերի թվում չկա ժանրային սահմանափակում, այդ շարքում ներկայացված են նաև հրատարակություններ, որոնք ժամանակին ինչ–ինչ պատճառներով արգելվել են։

«Գրքերը ներկայացված են հայերենով։ Այսօրվա միջոցառումը քաղաքական գործիչների հետ հանդիպման նախապատրաստություն է, ովքեր կմեկնաբանեն իրենց ընթերցած գրքերը», – նշեց Արսենյանը։

Նրա խոսքերով` նոր նախագիծը մեկնարկում է դեկտեմբերին։ «Ամենակարևորը, որպեսզի մարդիկ գրքեր կարդան, ընդ որում` հայերենով և գնեն դրանք։ Այս ողջ գրականությունը հասանելի է համացանցում շատ լեզուներով, բացի հայերենից։ Իսկ «Անտարես» հրատարակչությունը շատ մեծ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ, քանի որ մեծ թվով գրականություն է թարգմանվում հայերեն` առանց հեղինակային իրավունքների խախտման, դա շատ հազվադեպ երևույթ է», – ավելացրեց Արսենյանը։

«ԱՌԿԱ Style»–ը նախագծի ինֆորմացիոն հովանավորն է։ -0-