ArmStyle

Կատարողական արվեստի աշխարհի գավաթը կանցկացվի նոյեմբերի 20-22–ը Երևանում։ Այդ մասին լրագրողներին պատմեց Միջազգային փառատոների կովկասյան ասոցիացիայի նախագահ, փառատոնի կազմակերպիչ Արման Ղուկասյանը։

 «Կատարողական արվեստի ոլորտում այդպիսի ծավալուն միջոցառումը մեր երկրում առաջին անգամ է անցկացվում։ Գավաթի խաղարկության մասնակցության համար Հայաստանում են գտնվում տասն ազգությունների մոտ 700 ներկայացուցիչներ»,– ասաց Ղուկասյանը։

Ռուսաստանից, Էկվադորից, Ուկրաինայից, Բրազիլիայից, Հունաստանից ժամանած հյուրերը, ինչպես նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կմրցեն երկու կատոգերիաներում` երգի ու պարի։

Ղուկասյանը նշեց, որ մրցույթը կընդգրկի վոկալի հինգ ժանրեր, մասնավորապես` էստրադա, ջազ, ժողովրդական, դասական, և 12 պարային։ Դրանց թվում են` դասական, ժողովրդական, մոդեռն, հիփ–հոփ, ազգային պարեր։ Տարիքային վեց կարգերում նախատեսված է երեքական մրցանակային տեղ, ինչպես նաև Գավաթի տեսքով գրան–պրի։

«Մեկական Գավաթ կշնորհվի երգի և պարի մրցույթի լավագույն մասնակիցներին»,– ասաց նա։

Կազմակերպիչը նշեց նաև, որ 2015 թվականին կատարողական արվեստի մի շարք միջոցառումներ են անցկացվելու, իսկ արդեն երկրորդ Գավաթը կխաղարկվի հաջորդ տարի Դուբայում։ -0-