ArmStyle

Նախօրեին երեկոյան Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Լորկիանա» և «Կարմեն–սյուիտ» բալետների վերականգնված ներկայացումների պրեմիերան։ Առաջին հատվածում արտիստները հանդիսատեսին ներկայացրեցին «Կարմեն–սյուիտը», որը բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյի մեկ գործողությամբ բալետն է։ Այն բեմադրվել է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի հիման վրա։ «Կարմեն–Սյուիտը» վերագործիքավորվել է կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի կողմից։

«Կարմեն–սյուիտը» անմահ ստեղծագործություն է, որտեղ հնչում է Բիզեի աստվածային երաժշտությունը, որի վրա աշխատել է տաղանդավոր կոմպոզիտոր Ռադիոն Շչեդրինը։ Նա այս ստեղծագործությունը նվիրել է մեծանուն բալերինա Մայա Պլիսեցկայային։ Հենց նա է աշխարհում Կարմենի դերակատարը։ Դժվար է աշխարհում գտնել մեկ մարդու, ում սիրտը չի հուզվում Հաբաներայի առաջին իսկ տակտերից։

Երկրորդ հատվածում ներկայացվեց «Լորկիանա» բալետը, որը հիմնված է իսպանական ժողովրդական երաժշտության վրա, այն ստեղծվել է Գարսիա Լորկայի հանճարեղ պոեզիայի ազդեցությամբ։ Առաջին իսկ վայրկյաններից թատրոնի բեմում տիրեց առեղծվածային մթնոլորտ, որը հատուկ է իսպանացի բանաստեղծ և դրամատուրգ Լորկային, ով XX դարի իսպանական մշակույթի ամենավառ և ազդեցիկ գործիչներից է։ 

Ստեղծագործական հանճարի անմար կախարդանքը, որը մարմնավորված է երաժշտության և շարժումների մեջ, անտարբեր չթողեցին ոչ մեկին, անգամ նրանց, ով մինչ այս ծանոթ չէր մեծանուն իսպանացու ստեղծագործությանը։ 

Վերականգնված ներկայացման համար հատուկ կարված նոր կոստյումները հիանալի էին, արտիստները ևս երկրորդ հատվածում իրենց ավելի վստահ էին զգում։

Բալետի տոնը հաջողվեց։ Հուսանք, որ երևանցիներին այս տարի կներկայացվեն նոր պրեմիերաներ, իսկ բալետի արտիստներին սպասվում են ստեղծագործական նորանոր բարձունքներ։

«Լորկիանա» և «Կարմեն–սյուիտ» ներկայացումները կբեմադրվեն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտը 9–ին և 21–ին։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-