«Իմ հերոսն արտառոց քայլերի պատրաստ կինն է… Իմ պիեսում կինը կարող է փախչել հեռանալ, թեկուզ ժամանակավոր, մի քանի օրով…  Ես հասկանում եմ, որ կպչում եմ կանացի ցավոտ կետերին և կարողանում եմ երբեմն նրանց ոչ միայն ցավը, այլև այդ ցավից ազատվելու ճանապարհը ցույց տալ»: Իր պիեսների մասին այսպես է արտահայտվում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: 

Իր իսկ խոսքով՝ սիրում է քչփորել մարդկանց հոգին… Հիշում է՝ պիեսներից մեկի ներկայացումից հետո մի կին մոտեցել է ու կռվարար տոնով ասել՝ «Դուք որտեղի՞ց գիտեք իմ կյանքը, Ձեզ ո՞վ է պատմել իմ մասին»: 

Կինը՝ կանանց մասին: 

«ԱՌԿԱ Style»-ի զրուցակիցը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է: 

— Տիկին Խոդիկյան, Ձեր գրականության մեջ կինը գերակշռող տեղ ունի: Ձեր պիեսներից մեկում` «Կինը անձրևից հետո», անդրադարձել էիք կնոջ՝ որպես մարդ-էակի լիարժեքության խնդրին: Ի՞նչ ուղերձ ուներ պիեսը:

Կարինե Խոդիկյան — Պիեսի ուղերձը կնոջ ընտրության հարցն է, երբ կինն ինքն է ընտրում իր կյանքը, ինքնուրույն որոշում է կայացնում: Վերջում բեմում հայտնվում է դասական եռանկյունին՝ երկու տղամարդ և մեկ կին: Երկու տղամարդն իրենց խոսքն են փորձում պարտադրել կնոջը, սակայն նա երկուսին էլ հեռացնում է՝ ասելով՝ գնացեք, թողեք ես ինքս հասկանամ` ինչ եմ ուզում ու ինչ որոշում եմ կայացնում: «Կինը անձրևից հետո» գործն ինձ համար հենց նրանով է կարևոր, որ կինն իր ընտրությունն անում է ինքնուրույն: Խոսքը միայն տղամարդու ընտրությանը չի վերաբերում, այլ ընդհանրապես կյանքում ընտրություն կատարելուն: Ես սիրում եմ այդ կնոջ կերպարը: Ես սիրում եմ ինքնուրույն կնոջը, բայց որը միաժամանակ երբ զգում է, որ իր դիմաց իրեն արժանի տղամարդ է կանգնած, կարողանում է հնազանդվել նրան: Եվ դա, իհարկե, շատ հետաքրքիր հնազանդություն է (ժպտում է): 

— Դուք Ձեր բոլոր ընտրություններն ինքնուրո՞ւյն եք արել:

Կարինե Խոդիկյան — Երկու սկզբունք ունեմ՝ որոշում կայացնելիս ոչ ոքի չեմ լսում և որևէ մեկին, անգամ ամենահարազատին չեմ պարտադրում ինչ-որ բան: Թե անձնական, թե գործնական կյանքում բոլոր որոշումներն ինքնուրույն եմ կայացրել: Ցանկացել եմ աշխատել «Գարուն» ամսագրում, Մշակույթի նախարարությունում, աշխատել եմ: 2008-ի մարտի մեկից հետո ինքս եմ որոշել հրաժարական տալ: Ոչ ոքի չեմ հարցրել, ոչ ամուսնուս, ոչ հարազատներիս: Գիտեի, որ իմ այդ որոշումից հետո բազում հարվածներ եմ ստանալու: Հանգիստ, լուռ ընդունել եմ այդ հարվածները: Ինքս ինձ ասում էի՝ դու եփել ես այս շիլան, դու էլ կուտես մինչև վերջ: Ու դա ես ճիշտ եմ համարում: Տանել չեմ կարողանում այն մարդկանց, ովքեր իրենց անկարողությունը փաթաթում են դիմացինի պարանոցին: Ասում են՝ իմ փոխարեն որոշում կայացրու, հետո էլ՝ թե ախր դու ասացիր: Ես սիրում եմ ինքնուրույն որոշում ընդունող և այդ որոշման հարվածներն արժանապատվորեն տանող մարդկանց: Իմ կյանքում ցանկացած որոշում ինքս եմ կայացրել ու երբեք չեմ զղջացել: Դա ևս իմ սկզբունքներից է՝ երբեք չզղջալ արածի համար: 

— Ձեր պիեսները հետաքրքիր վերլուծություններ են կնոջ մասին: Այսօր ինչպիսի՞ն են հայ կանայք, աղջիկները: 

Կարինե Խոդիկյան — Իմ կարծիքով այսօր աղջիկներն ավելի նպատակասլաց են: Երևի նրանք գիտեն, որ միայն պայքարելով կարող են առաջ գնալ: Մեր երկրում կինն ամեն վայրկյան պետք է ապացուցի, որ ինքը լավ մասնագետ է, գուցե նույնիսկ ավելի լավը, քան իր կողքի հակառակ սեռի ներկայացուցիչը: Եթե տղամարդ փաստաբանը մի գործ շահեց, նա դրանով կարող է երկար շարունակել իր գործունեությունը: Եթե պարտություններ էլ լինում են, կարծես ոչ ոք չի նկատում դրանք: Բայց կին փաստաբանը ամեն մի գործի դեպքում կարծես պատերազմի է գնում ու պետք է շահի: Հետաքրքիր է այն, որ մեր հասարակության մեջ կնոջ նկատմամբ այդ պահանջատիրությունը հավասարաչափ է և տղամարդկանց, և կանանց կողմից: Կանայք բողոքում են, որ Հայաստանը տղամարդկանց երկիր է, բայց նույնքան պահանջատեր են կնոջ նկատմամբ, որքան տղամարդը: Այսինքն, երբ կինը տան սահմաններից դուրս է գալիս, ինչպես ես եմ սիրում ասել, դառնում է հասարակական կենդանի, հայտնվում է բոլորի կիզակետում՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց: Երկու դեպքում էլ պահանջները շատ-շատ են, ինչը հրաշալի է, քանի որ դա խթան է, առաջ է մղում կնոջը: Օրինակ՝ այսօր նույնիսկ արտաքին տեսքով մեր աղջիկները ավելի են համապատասխանում 21-րդ դարին, քան ուժեղ սեռի իրենց հասակակիցները` արդեն գիրացած, ուռուցիկ, կլորիկ որովայնով…

— Հաճախ «կռվով» առաջ գնալու արդյունքում աղջիկների մեծ մասը բախվում է միայնակ մնալու խնդրին…

Կարինե Խոդիկյան — Հայաստանում դեմոգրաֆիկական պատկերի մեղավոր բաղադրիչներից մեկն արտագնա աշխատանքն է: Երբ երկիրը վատ վիճակում է, տղամարդկանց ավելի գործունյա տեսակը դուրս է գնում: Ընտրության շրջանակը նեղանում է: Աղջիկներ կան, որ լավ իմաստով իրենց գինը գիտեն: Նրանք չեն ուզում պարզապես կողքին ունենալ ինչ-որ մեկին: Չասեմ սպասում են ասպետին՝ սպիտակ ձիու վրա, բայց սպասում են այն մարդուն, ում հետ ոչ միայն ուզում են ապրել, այլև ծերանալ: Նրանց կողմից մենակությունն ընտրելն ավելի ազնիվ է, քան իրենք իրենց խաբելը: Աղջիկների նաև նոր տեսակ է առաջացել` ազատ, անկախ: Այդ տեսակը չի թաքցնում ու ասում է` ես առայժմ ամուսնության, երեխա մեծացնելու ժամանակ չունեմ, քանի որ ես պետք է իմ տեղը գրավեմ կյանքում: Պետք է իմ աշխատանքը, անկախությունն ու  ինքնուրույնությունն ունենամ, որից հետո կմտածեմ ընտանիքի մասին: Այս դեպքում շատ հետաքրքիր ճուղավորում է լինում: Եթե նա կայանում, իր դիրքին հասնում է, բիոլոգիական ժամացույցն էլ դեռ աշխատում է, փորձում է ընտանիք կազմել: Այդ դեպքում կամ հրաշք է լինում, ու նա հանդիպում է այն մեկին, ում արժանի է համարում, որ իր կողքին լինի, կամ մնում է միայնակ: Ոչինչ չես կարող անել, դա նրա ընտրությունն էր: 

— Ձեր «Պենելոպե» պիեսում անդրադարձել եք կանանց մեկ այլ միայնակության, ամուսնացած կանանց միայնությանը… 

Կարինե Խոդիկյան — «Պենելոպե» պիեսը գրել եմ իմ կողքին, իմ աշխատավայրում, շրջապատում եղած կանանց ուսումնասիրության արդյունքում: Այսօր Հայաստանում երկու կանանցից մեկը Պենելոպե է: Այդ կանանց ամուսինները, որոնք մեկնել են արտագնա աշխատանքի` մի կտոր հաց աշխատելու, տարվա ընթացքում մեկ-երկու անգամ են գալիս ընտանիքին տեսության: Այդ կանայք ամիսներով չեն տեսնում իրենց ամուսիններին: Սա պարտադրված մենակությունն է: Երբ մեծ պիեսն էի գրել, ոչ այն, որը վերածվեց մոնոներկայացման ու Ագնեսա Շահնազարյանն է խաղում, զարմացա, որ մեր ռեժիսորները չցանկացան անգամ հետաքրքրվել, թե ինչու եմ գրել այս պիեսը: Այդ պիեսը կանանց այնպիսի մի բանակ կբերեր թատրոն, ամեն մի ներկայացումից հետո կանայք ավելի հանդարտ, իրենք իրենց սփոփված զգալով դուրս կգային ներկայացումից: Ցավոք, տղամարդկանց երկիր ենք, ու միշտ չէ, որ կնոջ, անգամ ստեղծագործող կնոջ իմպուլսները հասկանալի են լինում:

— Ընտանիք, աշխատանք… Ստեղծագործ կնոջը հե՞շտ է հասնել ներդաշնակության, ինքն իր հետ հաշտ ապրելու բանաձևին:  

Կարինե Խոդիկյան — Երկար ու դժվար ճանապարհ է: Ես իմ ծնողներից մի լավ գիծ եմ ժառանգել՝ կենսասիրությունը: Ես կյանքը շատ եմ սիրում: Կյանքը մի քանի հարված ինձ տվել է, երբեք չեմ փորձել հասկանալ ինչու` մտածելով, որ Աստծո գործերն անքննելի են, ուրեմն այդպես պետք է: Դրանից հետո ավելի եմ սիրել կյանքը: Իսկ կյանքը սիրելն ինձ համար ամեն ինչ հասցնելն է, երբ տունս հարմար է, տաքուկ, մաքուր, առավոտյան տանից դուրս եմ գալիս, գիտեմ, որ ճաշը գազօջախի վրա է… Օրվա ընթացքում քիչ ժամանակ ունեմ, բայց պետք է գնամ ու թոռնիկներիս սիրեմ… Միշտ հումորով եմ վերաբերվել այն մոտեցմանը, երբ ասում են` եթե կինը ստեղծագործում է, նա միայն պետք է նստի սրճարանում, մտածի, գրի… Ոչ: Ես իմ կանացիությունը, առանց կեղծ համեստության երբ հարկավոր է լինում, շատ լավ էլ օգտագործում եմ: Իմ կանացիությունը նաև իմ խոհանոցն է: Գիտե՞ք ինչ համեղ շտրուդել եմ պատրաստում… էլ չեմ ասում Էրզրումի ճաշատեսակները, որ տատիկիցս ու մորիցս են ինձ փոխանցվել: Կնոջ ուժն ու կանացիությունը միայն պճնվելու, իր բարեմասնությունները ցուցադրելու և թերությունները թաքցնելու վարպետության մեջ չէ: Կինը պետք է մի տաքուկ, ջերմ անկյուն ունենա, ու այդ ջերմությունը նա պետք է կարողանա բոլորին հասցնել՝ ընտանիքին, հարազատներին, իր ընկերներին: Երբ պետք է նոր գործ սկսեմ գրել, նախ նայում եմ` տունը նորմալ վիճակում է, մաքուր է, ճաշը պատրաստում եմ, զանգում եմ Ախալքալաք, մայրիկիս հետ եմ խոսում, հետո Ելենայիս եմ զանգում (զարմուհուն), իմանում եմ, որ թոռնիկներս լավ են, Կիմս (զարմիկը) լավ է, ամուսինս լավ է… վերջ: Դրանից հետո գնում եմ իմ անկյուն` գրելու: Գիտե՞ք որքան հանգիստ եմ այդ ժամանակ: Ես միշտ վախեցել եմ չարանալուց: Մի աղոթք ունեմ Աստծուն՝ միայն թե չչարանամ: 

— Եվ ի՞նչ եք անում չչարանալու համար: Ի վերջո, յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են հիասթափություններ ու դժվարություններ: Ինչպե՞ս դիմադրել դրանց ու չչարանալ:

Կարինե Խոդիկյան — Տեր Աստված, ինչ լավ է, որ դու ինձ տվել ես այս կյանքը: Մարդը պետք է գիտակցի, որ եթե կյանքում եղել է երջանկության պահ, պետք է լինի նաև հատուցման պահ, եթե եղել է հաջողություն, պետք է լինի նաև ձախողում: Ես շատ հանդուրժող մարդ եմ, բացի այդ տարիների ընթացքում հասկանում ես, որ քո կողքին պետք է լինի և լավը, և վատը: Եթե չլինի գիշերը, ցերեկվա հմայքը չես իմանա: Ամենակարևորը՝ մարդը պետք է շնորհակալ լինի հենց իր ապրելու համար: Իմ գրականության մեջ մահվան թեման շատ է, թանատոսյան թեման ինձ հարազատ է: Մարդ ինչքան հիշում է մահվան մասին, այնքան գնահատում է կյանքը: Առավոտը բացվում է, այդ օրը տրված է ինձ, գուցե դա իմ վերջին օրն է, ուրեմն ես պետք է ապրեմ այս օրը: Ես ժամանակ չունեմ հետ նայելու, զղջալու կամ չարանալու: Նոր օրը նոր հնարավորություն է: Տանել չեմ կարողանում հետ նայելը: Այդ առումով պիես ունեմ՝ «Հետ չնայես»: 

— Կնոջ ինչպիսի՞ կերպար կցանկանայիք ավելի շատ տեսնել մեր իրականությունում: Ի?նչ կմաղթեք մեր կանանց:

Կարինե Խոդիկյան — Ես հիանում եմ այն կանանցով, ովքեր կարողանում են տարրալուծվել իրենց ընտանիքի մեջ: Ինքս այդպիսին չեմ, ես ճշգրիտ կիսել եմ` կեսն ընտանիքիս, կեսը՝ աշխատանքիս: Ես հիանում եմ այն կանանցով, ովքեր մոռանում են իրենց ու ապրում են հանուն իրենց ամուսնու, երեխաների…. ես այդպիսին չեմ ու երբեք այդպիսին չեմ լինի, բայց այդ կանանցով հիանում եմ: Այդուհանդերձ, այդ կանանց կյանքում կգա մի պահ, երբ հանկարծ կզգան, որ ինչ-որ մի բան իրենց կյանքում պակասում է: Այդ զգացողությունը կունենան նաև այն կանայք, ովքեր միայն մտածում են իրենց ինքնահաստատման ու ինքնակայացման մասին: Հանկարծ հետ կնայեն ու կզգան, որ սիրո այն բառը, որ պետք է տային իրենց մերձավորին, չեն տվել: Դիմացը հրաշալի կարիերան է, բայց թիկունքում տաքություն չկա: Այսինքն, ամեն մի կին պետք է փորձի հավասարակշռել  արտաքին աշխարհի և իր ներքին աշխարհի ջերմությունները: Դա էլ կլինի երջանկության բանաձևը:  Ես մեր կանանց` բանակ ուղարկած զավակին սպասող մորը, այն կանանց, ում ամուսինները, որդիները մեկնել են արտագնա աշխատանքի, բոլորին մեծ համբերություն եմ ցանկանում: Գուցե ամենաքաղաքակիրթ երկրի կինն էլ ունի իր խնդիրները, բայց որ այսօր հայ կնոջ   կյանքի դժվարությունն ավելի շատ է, դրանում համոզված եմ: Ցանկանում եմ, որ հայ կինը մի քիչ իրեն շատ սիրի, քանի որ մեր կանայք, որպես կանոն, մոռանում են իրենց սիրել: -0-