ArmStyle

Կանանց միջազգային օրը, որն ամբողջ աշխարհում նշվում է մարտի 8-ին, ի սկզբանե կապված է եղել կանանց իրավունքների համար պայքարի հետ: 21-րդ դարում Հայաստանում ինչի՞ դեմ է պայքարում կինը, կկնքվի՞ երբևէ խաղաղության պայմանագիր տղամարդկանց հետ: Ինչպիսի՞ն կլինի թույլ սեռի հայ ներկայացուցիչը 22-րդ դարում: «ԱՌԿԱ Style»-ը ներկայացնում է դրամատուրգ, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանի տեսակետը:

Կինը և իրավունքը

Մարտի 8-ը` որպես կանանց իրավունքների համար պայքարի օր, Հայաստանում դեռ երկար կմնա իր իմաստի մեջ: Առավել ևս, որ, ինչպես Ալվարդ Պետրոսյանն է ասում, Հայաստանը տղամարդկանց երկիր է՝ և՛ լավ, և՛ մնացած բոլոր առումներով: 

Եղավ մի ժամանակ, երբ բացարձակ ռասիզմ էր կանանց իրավահավասարության առումով: Որպես կանանց իրավունքների ոտնահարման վառ օրինակ` նշեմ աշխատանքի ընդունման հայտարարությունները, որոնք «նորաձև էին» 1990-ականներին՝ «պահանջվում են բարետես, մինչև 30 տարեկան աղջիկներ, կանայք կամ …»: Բայց ժամանակն ինչ-որ բաներ սրբագրեց: Այդպիսի հայտարարությունների այլևս չենք հանդիպում:  

Ամեն ժամանակաշրջան բերում է մարտահրավերներ, որ կնոջն ստիպում է ընդդիմանալ ինչ-որ բանի: Օրինակ ես դեմ եմ, երբ Ազգային ժողովում կանանց քվոտայի մասին խոսելիս արհեստականորեն ասում են, թե կանայք պետք է կազմեն ընտրացուցակների 15 կամ 30 տոկոսը: Իսկ ով է որոշել, որ այդպես պետք է լինի: Դա պետք է որոշի հասարակությունը:

Այլ բան, որ այսօր հասարակության մեծ մասին եթե հարցնես, կասի կնոջ տեղը խոհանոցն է: Մի քանի «կարգին» տղամարդ կնոջը ննջարան կուղարկեն, բայց հիմնականում գերակշռում է խոհանոց ուղարկողների թիվը: Դա արդեն հասարակության խնդիրն է: Բայց եթե վաղը խորհրդարանական ընտրություններում կանայք 50 տոկոսից ավելի կազմեն, ինչ է, պետք է այդ քվոտայով մի մասին ջնջե՞ն: Երբ կինն իր տեղը, դերը փնտրում է կյանքում ոչ միայն ընտանիքում, այլև ընտանիքից դուրս, հասարակության մեջ, աշխատանքում, հասարակական-քաղաքական ինչ-ինչ ասպարեզներում, այստեղ արդեն առաջ է գալիս հենց այդ ընդդիմանալը, դիմակայելը երբեմն նաև թույլ իմաստով պայքարելը: 

Իհարկե, Հայաստանում կանայք արգելապատնեշներ չեն ջարդում, ինչպես դա անում էին ֆեմինիստուհիները: Աստված հեռու պահի նման պայքարից: Կարծում եմ՝ հիմա կնոջ իրավունքի սահմանը հաճախ հենց ընտրում է կինը, և եթե կարողանում է ստիպել, որ հասարակությունն ընդունի այդ սահմանը, ուրեմն խնդիր այլևս չի լինում:   

22-րդ դարում կինը կգրավի իր արժանի տեղը

22-րդ դարում կինը կգրավի իր արժանի տեղը։ Օրինակ` գրականության ասպարեզում եթե համեմատենք 20-րդ և 21-րդ դարասկզբի գրական ընտանիքի ցանկերը, կտեսնենք, որ կանանց թիվն աստիճանաբար աճում է: Կանայք գրականության ասպարեզում իրենց տեղը գտել են: Ի դեպ, այս միտումը ոչ միայն Հայաստանում է նկատելի: Տեսեք, թե վերջին տասնամյակում քանի-քանի կանայք արժանացան Նոբելյան մրցանակի: Այսօր կանայք համառորեն, ինչպես իրենց ընտանիքում, այնպես էլ աշխատանքում, գլուխները կախ անում են իրենց գործը:

Կարծում եմ՝ 22-րդ դարում կլինի մի մթնոլորտ, որտեղ չեն տարանջատի, թե այս ոլորտում  քանի կին պետք է լինի, քանի տղամարդ: Հույս ունեմ, որ 22-րդ դարում, ինչպես կինը, այնպես էլ տղամարդը, ամեն մեկն իրեն տրված ունակություններով և ներուժով, կգրավի կյանքի այն տարածքը, որին նա արժանի է: 

Խոհանոցի մասին կինը չի մոռանա 

Եթե նույնիսկ հատուկ որոշումով հայ տղամարդիկ որոշեն կանանց կյանքը հեշտացնել և խոհանոցը նրանց ձեռքից վերցնել, ես հավատացած եմ, որ կլինի հեղափոխություն:

Որքան էլ կանայք փնթփնթան, ասեն՝ ժամանակը չի հերիքում, միևնույն է՝ իսկական կնոջ համար խոհանոցը լավագույն ամրոցներից, հենակետերից մեկն է, որը նա ունի իր ամրոց-տանը: Ի դեպ, գիտնականները պարզել են, որ ցանկացած կին, ով օրական գոնե կես ժամ անցկացնում է խոհանոցում, կյանքում ընկճախտով չի տառապում: Դա իսկապես այդպես է: Կինը մեկ-երկու ժամ անցկացնելով խոհանոցում՝ իրեն զգում է իր տան թե՛ տերը, թե՛ ծառան: -0-