ArmStyle

Երիտասարդ հայ քանդակագործ Նարեկ Կնյազյանը հաղթել է «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթում, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Մրցույթի և իր հետագա ստեղծագործական ծրագրերի մասին Կնյազյանը զրուցել է «ԱՌԿԱ Style»–ի հետ։

– Ի՞նչու որոշեցիք մասնակցել «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» մրցույթին։

Նարեկ – Երբ իմացա այս ծրագրի մեկնարկի մասին և այն մասին, որ ցուցահանդես է նախատեսվում, միանգամից սկսեցի էսքիզներ անել։ Էսքիզների վրա աշխատանքը ընթացել է երեք փուլով։

– Ինչ՞ու որոշեցիք քանդակն անվանել «Վերջինը»։ 

Նարեկ – Մեր ստեղծագործությունները պետք է ստեղծվեին Հայոց Ցեղասպանության փաստն արձանագրող տասը նամակներից և փաստաթղթերից մեկի հիման վրա։ Իմ աշխատանքը հիմնված է Սառա Բերբերյանի նամակի վրա, որտեղ նա պատմում է այն մասին, որ պատկանում է մեծ տոհմի։ Սեղանի շուրջ միաժամանակ հավաքվում էին ընտանիքի 40 անդամներ։ Եվ նա միակն է, ով Ցեղասպանությունից հետո  ողջ է մնացել։ Այդ փաստաթղթային վկայության հիման վրա ես ստեղծել եմ հավաքական  կերպար, որը վերապրել է այդ ողբերգությունը։ Պատահական չէ, որ սեղանը գնալով նեղանում է դեպի վերջին նստածը, և դա, իմ կարծիքով, խորհրդանշում է հայ ժողովրդի ոչնչացման փաստը։

– Նամակի հեղինակը կին է, իսկ Դուք Ձեր քանդակում ստեղծել եք տղամարդու կերպար։ Ինչու՞։

Նարեկ – Ես ընտրել եմ տղամարդու, քանի որ նա է ցեղի շարունակողը։ Այդ իսկ պատճառով, եթե նայենք նրա կողմից, ապա կտեսնենք, որ նրա կողմից սեղանը գնալով լայնանում է, ինչը խորհրդանշում է հեռանկարում հայ ժողովրդի վերածննդի փաստը։

– Ո՞րն է այն հիմնական միտքը, որը Դուք փորձել եք ներդնել Ձեր ստեղծագործության մեջ։

Նարեկ – Գլխավոր միտքն այն է, որ մեր ժողովուրդը, անկախ ամեն ինչից, ապրել է Ցեղասպանությունը, սակայն մարդկանց քանակը ավելացել է, հայտնվել են նոր ընտանիքներ։ Մենք եղել ենք, կանք և կլինենք։ 

– Ձեզ համար անակնկա՞լ էր մրցույթում հաղթելը։

Նարեկ – Անկեղծ ասած, այո, ես չէի սպասում դրան։ Դա անսպասելի էր, սակայն, անշուշտ` ցանկալի, ինչպես արվեստի բնագավառում աշխատող ցանկացած մարդու համար։ 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-