ArmStyle

«Կին» XI միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում նոյեմբերի 1-5-ը: Կազմակերպիչներն ընդգծում են, որ փառատոնի նպատակը, մասնավորապես, հասարակության մեջ կնոջ դերի և տեղի վերաիմաստավորումն է, նրա խնդիրների լուսաբանումը կինեմատոգրաֆի միջոցով, հայ կին ռեժիսորների ստեղծած ֆիլմերի ներկայացումը միջազգային հանրությանը:

Կազմակերպիչներն ասում են, որ այս տարի փառատոնին կներկայացվի 57 ֆիլմ` 15 երկրից, իսկ հաղթողներին կհանձնվեն պարգևներ «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում, ինչպես նաև դիպլոմներ:

Փառատոնին, որը կանցնի Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, բացի մրցութային ծրագրերից, նախատեսված են մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի աշխատանքների հետահայաց ցուցադրություններ:
Ծրագրված է նաև թեմատիկ հանդիպումների, կլոր սեղանների և սեմինարների անցկացում:

Ժյուրիի կազմում են հայկական, թուրքական, կանադական, գերմանական և ֆրանսիական կինեմատոգրաֆի ներկայացուցիչներ: Իսկ փառատոնի հյուրերը կլինեն չորս ռեժիսորներ Թուրքիայից:

Փառատոնային ծրագրին կարելի է ծանոթանալ Kinfestival.com կայքից: