ArmStyle

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հայտնի հասարակական գործիչներ, գիտնականներ և ձեռներեցներ, որոնց թվում են Ջորջ և Ամալ Քլունիները, Էլի Ուիզելը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, նախօրեին Նյու–Յորքում ազդարարել են 100 LIVES բարեգործական նախագծի և «Ավրորա» նոր միջազգային մարդասիրական մրցանակի մեկնարկը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

100 LIVES նախագիծը հիմնադրվել է միջազգային գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի, ինչպես նաև մարդասեր Վարդան Գրեգորյանի կողմից` ներկայացնելու համար Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչպես նաև այն, թե մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության և բիզնեսի ոլորտում որքան լուրջ ներդրում է հաջողվել կատարել ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց ընտանիքներին։

Փրկվածներին և փրկության գործում մասնակցած մարդկանց հարգանքի տուրք մատուցելուց բացի, ծրագրի շրջանակում կհիմնվի «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը։ Սա աջակցության միջոց է նրանց, ովքեր այսօր վտանգում է իր կյանքն ուրիշներին փրկելու համար։ 1 մլն դոլարի չափով ամենամյա դրամաշնորհը կհանձնվի այն թեկնածուին, ով իր հերթին կտրամադրի միջոցներ կազմակերպությանը, որը ոգեշնչել է նրան նման քայլեր կատարելու համար։

Ջորջ Քլունին դարձել է այդ մրցանակի կարգադիր կոմիտեի համանախագահը մարդու իրավունքների հայտնի պաշտպան և Հոլոքոստի հարցերով ամերիկյան խորհրդի նախագահ Էլի Վիզելի հետ միասին։ Կոմիտեի մյուս անդամների անունները կհրապարակվեն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում։ Նրանք կներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում։ -0-