Օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի տասնակի չեմպիոն, ռուս հասարակական և պետական գործիչ, Ռուսաստանի Պետական դումայի Դաշնային ժողովի պատգամավոր Իրինա Ռոդնինան «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, որ աշնանն այցելելու է Հայաստան իր երազած սահադաշտի բացմանը մասնակցելու համար։ 

«Ես գտել եմ ներդրողին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հողատարածք է հատկացրել։ Այդպիսով, ես կատարեցի Հայաստանի գեղասահքի մարզադպրոցի մարզիչների խնդրանքը։ Դա նրանց երազանքն էր, քանի որ Հայաստանում այժմ գործնականում սահադաշտ չկա։ Հատկանշական է, որ դա հաջողվեց իրագործել»,– ասել է Ռոդնինան։ 

Ռոդնինայի կարծիքով` խնդիրն այն է, որ այժմ Հայաստանում գոյություն ունեցող գեղասահքի դպրոցը գործնականորեն չի աշխատում։ «Սառույցը թանկ է, քիչ է։ Այնպես որ դպրոցը տեղափոխվել է սահադաշտ, որի հիմնարկեքին ես մասնակցել եմ»,– ասել է Ռոդնինան։ 

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում գեղասահքի զարգացման հնարավորությունները Հայաստանում, Ռոդնինան նշել է, որ հնարավորություններ միշտ կան։ 

«Եթե դրանք եղել են խորհրդային ժամանակներում, ապա այժմ էլ կան։ Հայաստանն ունի մրցանակակիրներ և Խորհրդային միության չեմպիոններ։ Հայաստանում պարզապես բավարար գումարներ չկան։ Ցանկացած հաջողություն ունի մի քանի բաղկացուցիչ` պայմաններ, կադրեր, երեխաներ և ժամանակ»,– ասել է Ռոդնինան։ 

Գեղասահքի կենդանի լեգենդը խոստացել է Հայաստանում գեղասահքի վարպետության դասեր և խորհրդատվություններ անցկացնել։

Երևանի գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը կայացել է նախորդ տարվա հունիսին։ Արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Դպրոցը կառուցվում է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում` նոր հեծանվահրապարակի հարևանությամբ։ -0-