ArmStyle

Չնայած ձյան բացակայությանն ու բավականին տաք դեկտեմբերյան եղանակին` Հայաստանի մայրաքաղաքում արդեն նախատոնական իրարանցում է, որն այնքան բնական է շատերի սիրելի տոնի նախաշեմին։ Ամանորյա գնումների, նվերների ընտրության հետ մեկտեղ շատ մարդկանց մշտական հարցն է հուզում` ինչպե՞ս ճիշտ դիմավորել Նոր տարին և սիրաշահել «հանդիսության տիրուհուն»` այս անգամ փայտե Այծին։ 

Ամանորի նախաշեմին «ԱՌԿԱ Style»–ը հայտնի աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի հետ ունեցած բացառիկ զրույցի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչպես է պետք զարդարել տունն ու տոնական սեղանը, ինչ գույներ է  պետք օգտագործել ինտերիերում և ամենակարևորը` ինչ են հուշում աստղերը կենդանակերպի տարբեր նշանների ներքո ծնված մարդկանց։

– Խնդրում եմ` պատմեք, թե ինչպիսի՞ն կլինի Այծի տարին։

Գուրգեն –  Ինչպես հայտնի է, 2015 թվականը Արևելյան հորոսկոպով փայտե կանաչ կամ կապույտ Այծի տարի է։ Գույնի տարբերությունը կապված է չինացի և ճապոնացի աստղաբանների մեկնությունների հետ, սակայն իրականում դա լուրջ նշանակություն չունի։ Տարվա հովանավորը Մարս մոլորակն է, և դա նշանակում է, որ այդ մոլորակի ազդեցությամբ տարին կլինի լի էներգիայով, դինամիկայով և ռիսկով։ Մարդիկ, ովքեր կկարողանան արագ հարմարվել նման փոփոխություններին, հաջորդ տարի շատ հաջողակ կլինեն։

Տարվա առանցքային ժամանակաշրջանը կլինի փետրվարի 19–ից (երբ սկսվում է Այծի տարին) մինչև ապրիլի 7–ն ընկած հատվածը։ Այդ ընթացքում կենսագործունեության բոլոր ոլորտներում սպասվում են աննախադեպ փոփոխություններ։ Հենց այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս փոփոխությունների ձգտող մարդկանց գործի անցնել հենց այդ ժամանակահատվածում։ 

Միաժամանակ պետք է խուսափել երեք շրջաններից` մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը, երբ Արևը կգտնվի Խոյի նշանի ներքո, հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 22-ը` Կարիճի նշանի ներքո և փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը, երբ Արևը կգտնվի Ձկան նշանի ներքո։ Այդ ժամանակահատվածներում ավելի լավ է համբերություն ցուցաբերել և սպասել։

– Տանտիրուհիները ինչպե՞ս կարող են արժանանալ Այծի բարեհաճությանը։ Միգուցե անհրաժեշտ է տոնական սեղանի հատուկ սպա՞սք, որոշակի հագու՞ստ։ Չէ՞ որ հայտնի է, որ Այծն ամեն ինչում` հագուստում, կերակուրի հարցում նրբաճաշակություն է սիրում։

Գուրգեն – Քանի որ Մարսը էներգիայի խորհրդանիշն է, ապա տարին հարկավոր է դիմավորել ուրախ և հետաքրքիր, միաժամանակ կոնկրետ խորհուրդներ այս հարցում չկան։ Կարելի է միայն ավելացնել, որ ավելի լավ կլինի, որպեսզի դիզայնում և հագուստում գերակշռեն կարմիր և կանաչ գույները։ 

—  Իսկ ի՞նչ խորտիկներ է նախընտրում «տարվա տիրուհին» ամանորի սեղանին։

Գուրգեն – Կարող եմ խորհուրդ տալ մսամթերքի և քաղցրավենիքի առատություն։ Միաժամանակ խորհուրդ եմ տալիս զերծ մնալ ծովամթերքից։ 

— Ո՞ր մետաղն է 2015 թվականի խորհրդանիշը։ 

Գուրգեն – Մարսի մետաղը երկաթն է։ Հենց այդ պատճառով շատ լավ կլիներ, եթե ինտերիերի դիզայնում գերակշռեին այդ մետաղից զարդերը։

 — Առանձնացրեք, խնդրեմ, կենդանակերպի այն նշաններին, որոնց համար տարին առավել կամ պակաս բարենպաստ կլինի։

Գուրգեն – Ընդհանուր առմամբ տարին բարդ կլինի Մարսի անմիջական ազդեցության տակ գտնվող բոլոր նշանների համար. դրանք են` Կարիճները և Խոյերը։ Այդ նշանի տակ ծնվածները ստիպված կլինեն շատ էներգիա և ուժ ծախսել իրենց նպատակներին հասնելու համար։
Ընդհանուր առմամբ, տարին հաջող կլինի բոլոր մյուս նշանների համար, սակայն առավել հաջողված կլինեն Կշեռքի կենդանակերպի տակ ծնվածները։ 

– Իսկ կարո՞ղ եք կանխատեսում տալ յուրաքանչյուր նշանի համար առանձին։ 

Գուրգեն – Իհարկե։ Սկսենք Խոյերից։ Ինչպես արդեն նշել եմ, այս տարի այդ նշանի տակ ծնվածները ստիպված կլինեն շատ ուժ, էներգիա ծախսել, կորուստներ կրել, ինչը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Տվյալ հանգամանքը կարող է փոխհատուցվել միայն դրական էմոցիաներով, որոնք տարվա ընթացքում շատ կլինեն։ Խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ դրական լիցքերի վրա, ինչը և կօգնի Խոյերին հաղթահարել դժվարությունները։

Ցուլ։ Այս կենդանակերպի համար տարին շատ հաջող է լինելու, հատկապես` աշխատանքի և գործարքների առումով։ Աստղերը կանխատեսում են, որ Այծի տարում նույնիսկ ռիսկերն արդարացված կլինեն։ Խոյերի համար կարևոր է արագ կողմնորոշվել որոշումներ ընդունելիս։

Երկվորյակների համար տարին նույնպես հաջող կլինի, հատկապես այն հարցերում, որտեղ անհրաժեշտ է գաղափարներ առաջարկել։ Երկվորյակների համար հռետորությունը հիմնական առավելությունը կլինի։ Նույնիսկ երկար ժամանակ ճահճացման մեջ մնացած գործերը դրական արդյունքներ կտան։ 

Խեցգետինների համար տարին հաջող կլինի։ Այդ կենդանակերպի ներքո ծնվածները վերջապես կկարողանան դուրս գալ երկարատև լճացումից և արտահայտել բոլոր կուտակված էմոցիաները։ Տարվա ընթացքում Խեցգետինները բազմաթիվ հաջող գաղափարներ կունենան։ Տարին հատկապես հաջող կլինի առողջության առումով։ 

Առյուծների համար հաջորդ տարին նպատակների և գաղափարների իրականացման տարի է լինելու։ Առյուծներին խորհուրդ է տրվում ավելի մեծ կամք դրսևորել։

Կույսերը հաջորդ տարի ակտիվ կճանապարհորդեն և անմոռանալի տպավորություններ կստանան ողջ կյանքի համար։ Նոր տարում Կույսի կենդանակերպի ներքո ծնվածների համար բոլոր պայմանները կլինեն իրենց կյանքի նոր փուլ մտնելու համար։ Այսպիսով, բազմամյա ակնկալիքները լուրջ հաջողություն կունենան։ 

Արդեն նշեցի, որ Կշեռքը 2015 թվականի կենդանակերպի ամենահաջողված նշանն է։ Կամքի ուժի և համառության շնորհիվ Կշեռքի համար կյանքի բոլորովին նոր փուլ է լինելու։ Դա վերաբերում է այդ նշանի տակ ծնված գրեթե բոլոր անձանց և նրանց կենսագործունեության բոլոր ոլորտներին։ 

Կարիճների համար հաջորդ տարի բավականին բարդ կլինի։ Վտանգավոր կլինի հիմնականում ճանապարհորդների համար, այդ պատճառով ավելի լավ կլինի, որ նրանք հնարավորին չափ խուսափեն ճանապարհորդություններից։ Դժվարությունները հաղթահարելու գործում դեր կխաղան յոգան, ինքնահայեցումը և այն ամենը, ինչ կօգնի վերականգնել սեփական էությունը։ 

Այդ նշանի տակ ծնվածների համար մեծ կարևորություն կունենա խոսքը։ Նաև հնարավոր է, որ մեծ չափաբաժնով էներգիայի կորուստ ունենան։ 

Աղեղնավորներին արգասաբեր տարի է սպասում։ Այս նշանի տակ ծնվածների համար տարին հաջողված ճանապարհորդություններ և հոգևոր վերելք է նախապատրաստել։ Աղեղնավոր կանայք ամուր և երջանիկ ընտանիք ստեղծելու, կարիերա կառուցելու բացառիկ հնարավորություն կունենան։ Միաժամանակ, ընտանեկան կյանքում հաջողությունը վերաբերում է բոլոր Աղեղնավորներին` անկախ սեռից։ 

Այծեղջյուրները ընտանեկան երջանկության, կարիերայի հաջողության ու հարմարավետության լուրջ հնարավորություններ կունենան։ Կարելի է նույնիսկ ասել, որ ինչպես Կշեռքի դեպքում, այնպես էլ այս նշանի համար Այծի տարին շատ հաջողված կլինի։ 

2015 թվականին Ջրհոսներն իրենց համառության շնորհիվ կկարողանան լուրջ հաջողությունների հասնել։ Այս կենդանակերպի տակ ծնվածներն իրենց երջանկությունը կգտնեն ուղևորությունների ժամանակ, որոնք, նախևառաջ, կազդեն նրանց կարիերայի աճի վրա։ Հենց 2015 թվականին այս նշանի տակ ծնվածները կկարողանան ամրապնդել իրենց հոգին և նյութական բարիքները, քանի որ հաջորդ տարիներին որոշակի դժվարություններ կլինեն Ջրհոսների համար։

Ձկների համար տարին չորս պայմանական մասի կբաժանվի։ Առաջին փուլում տարին բավականին հաջողված կլինի այդ նշանի համար։ Նոր ու հետաքրքիր առաջարկություններ կլինեն։ Երկրորդ փուլում Ձկները բարդություններ կունենան էմոցիաների և էներգիայի կորստի հարցում, ինչն առողջական որոշակի խնդիրներ կառաջացնի, սակայն այդ ամենը հնարավոր կլինի ուղղել։ Երրորդ փուլը հագեցած կլինի հաջողություններով և հաճելի պահերով, որոնք կօգնեն խուսափել հետագա խնդիրներից։ Չորրորդ փուլում այդ կենդանակերպի ներկայացուցիչները ֆինանսների, նյութական բարիքների և անշարժ գույքի հետ կապված հարցեր կունենան։ Պետք է նշել, որ երրորդ փուլը կօգնի Ձկներին հաղթահարել չորրորդ փուլում ակնկալվող դժվարությունները։ 

– Իսկ կենդանակերպի ո՞ր նշանների տակ ծնվածներն են հաջողություն ունենալու սիրո հարցում։ 

Գուրգեն – Առավել հաջող կլինի տարին այդ հարցում Կշեռքի, Աղեղնավորների և Այծեղջյուրների համար։ Բայց ընդհանուր առմամբ, այդ հարցում տարին հաջող է լինելու կենդանակերպի բոլոր նշանների համար։

– Նախորդ տարի դուք նշել էիք, որ Ձիու տարին սիրո և ամուսնությունների տարի է։ Ի՞նչ «կարգախոս» կունենա փայտե Այծը։ 

Գուրգեն – 2015 թվականը Կամքի, Համառության, նոր ուղիներ գտնելու տարի է։ Դա նոր, ավելի ներդաշնակ և կատարյալ կյանքի նախապատրաստվելու տարի է։ -0-