ArmStyle

 Ասա ինչ ես կարդում, կասեմ` ով ես դու: ԱՌԿԱ Style-ը պարզել է, թե ինչ գրքեր են նախընտրում կարդալ հայ աստղերը: Վստահ ենք` նրանց երկրպագուներին կհետաքրքրի:

The Beautified project խմբի հիմնադիր, մեներգիչ Անդրե Սիմոնյան

— Իմ ամենասիրելի գիրքը Շեքսպիրի «Համլետն» է: Ես այն ուսումնասիրել եմ 3 ամիս, որպեսզի հասկանամ ամեն բառը հին անգլերենով: Խմբիս անունը դնելիս ևս ոգեշնչվել եմ հենց «Համլետից», քանի որ իր նշանածին` Օֆելյային ուղղված նամակում Համլետը նրան անվանում է “beautified”:

Այս ստեղծագործությունում ինձ հատկապես շատ է դուր գալիս, թե ինչպես է շոշափվում կյանքի և մահվան թեման: Նաև ես Համլետի մենախոսությունների սիրահարն եմ:

 Հաղորդավարուհի, երգչուհի Արփինե Գաբրիելյան

– Իհարկե, ես ունեմ շատ սիրելի գրքեր, որոնցից մի քանիսը նույնիսկ ընթերցել եմ մի քանի անգամ, օրինակ` Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կամ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը», Դեյվիդ Սելինջերի «Տարեկանի արտում` անդունդի եզրին» ստեղծագործությունները, բայց ամենատպավորիչը և ամենից շատ ընթերցածս ստեղծագործությունը Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանն» է, որը անընդհատ նորովի եմ ընկալում: Այն իսկապես գլուխգործոց է` ըստ իս:

Այն իսկապես շատ բան է տվել ինձ: Հատկանշական է, որ առաջին անգամ այն կարդացել եմ դպրոցական տարիներին, հետո ընթերցելով կյանքիս տարբեր ժամանակահատվածներում` ամեն անգամ նոր ասելիք եմ տեսել այդ ստեղծագործության մեջ:

 Երգչուհի Շպռօտ

– Հենց հիմա կարդում եմ Դանիել Գոլմանի «Հուզական բանականություն» գիրքը: Դրանից առաջ Էքհարտ Տոլլեի «Այստեղ և հիմա» գիրքը, Օշոյի բոլոր գրքերը, Ալեն Կարրիի ծխելը թողնելու հեշտ ձևի մասին գիրքը: Շատ եմ սիրում ուսումնասիրել անձնական փոխհարաբերությունների մասին գրքեր. Շերրի Արգով, Կառլոս Կավալլո, Քրիստիան Քարթեր:

Օրինակ` անցյալ տարի շատ էի կարդում Կրիշնամուրթի, ով դեմ է ցանկացած հոգևոր ուղղվածության: Շատ եմ կարդում: Քիչ գրքեր կան, որոնց նորից վերադառնում եմ։ Երևի Վադիմ Զելանդի էզոթերիկ գրականությունն է այդպիսին: Ես կարող եմ միևնույն ժամանակահատվածում երկու գիրք կարդալ:

Կարդում եմ ռուսերեն և անգլերեն: Ցավում եմ, որ մեր լեզվով նման գրականություն քիչ կա:

Երգիչ Վլադիմիր Բարխոյան

— Թեպետ ժամանակի սղության պատճառով գիրք քիչ եմ կարդում, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ ժամանակ գտնել և տարբերակ եմ գտել. ես կարդում եմ օնլայն` հեռախոսի միջոցով:

 Այս պահին կարդում եմ «Մոխրագույնի հիսուն երանգները»: Թեման ինքնին հետաքրքրիր է, բացի այդ գրքում երևում է, որ յուրաքանչյուրիս մեջ կա որոշակի գռեհկություն, պարզապես յուրաքանչյուրս թաքցնում ենք դա:

Լրագրող, հաղորդավար Արտակ Վարդանյան

– Իմ ամենասիրելի գիրքը Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիսն» է:

Այս գիրքը անդադար մտածելու առիթ է տալիս, ստիպում տարին մեկ անգամ աչքի տակով անցկացնել այն: Այս գիրքը մեր կյանքի հույսի և սպասումի մասին է, հերոսը անդադար սպասում է Գոդոյին, և այդպես էլ պարզ չի դառնում, թե

Գոդոն ով է, հեղինակը ընթերցողին մտածելու առիթ է տալիս: Մենք երբեմն սպասում ենք լավ նորության, լավ առաջարկի, լավ լուրի, լավ մարդու, մեր երկրորդ կեսին… Հեղինակը ստիպում է մտածել, թե ով է ընթերցողի Գոդոն, և կգա՞ նա արդյոք: .-0-