ArmStyle

Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը օգոստոսի 29–ից հոկտեմբերի 4–ը կրկեսային մեծ տոնի ականատեսն ու մասնակիցը կդառնան. Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո–կրկեսն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում։ Այս մասին պատմեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանում «Իմպերիալ» կրկեսի նախագծի ղեկավար Սոս Պետրոսյանը։

Երևանյան հյուրախաղերը նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80–ամյակին։

«Երևանում մեկուկես ամիս շարունակ կրկեսային տոն կլինի, որին արժանի է մեր հանդիսատեսը։ Վստահ եմ, որ ներկայացումը դուր կգա, և երազում եմ, որ այն դիտեն նաև Հայաստանի մարզերում», – ասաց Պետրոսյանը։

«Իմպերիալ» շապիտո–կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկինն իր հերթին նշեց, որ կրկեսի համար այսօր առաջնահերթ են հետխորհրդային տարածքում, մասնավորապես` Հայաստանում կազմակերպվող հյուրախաղերը, որոնք առաջինը կլինեն տարածաշրջանում։ 

«Մեզ մտահոգում է, թե ինչպես հանդիսատեսը կընդունի ծրագիրը, որտեղ շատ նորամուծություններ կան։ Կան շատ հետաքրքիր ատրակցիոններ` կենդանիների մասնակցությամբ»,– ասաց Միտաչկինը։

Նա պատմեց, որ երևանյան հանդիսատեսին բազմաթիվ անակնկալներ են սպասում. կենդանի ձայն` մոսկովյան «Լեգիոն» խմբի մենակատար Ալեքսեյ Բուլգակովից, «Վիկտորիա» պետերբուրգյան պարային համույթը, իլյուզիոն համար, Մոնյա ծաղրածուն` մեծահասակ հանդիսատեսի համար նախատեսված կատակային համարներով», – ասաց Միտաչկինը։ 

Նա հատուկ նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում պրեմիերայից առաջ անվճար ցուցադրություն կկազմակերպվի։ Ցուցադրության օրը դեռ ճշտվում է։

Շապիտո–կրկեսի ելույթները կկազմակերպվեն Կոմիտասի այգու տարածքում (նախկին Դելֆինարիումի տեղում)։ Տոմսերը կարժենան 2–5 հազար դրամ։ -0-