ArmStyle

Հնդկական ազգային հոգուստով ՝ սարիով շրջող կանայք, հնդկական պարեր, երգ ու երաժշտություն ՝ համեմված հնդկական խոհանոցին հատուկ ուտեստների բույրով: Այս ամենը` Երևանում մեկնարկած «Հնդկաստանի օրեր Հայաստանում» փառատոնի բացման արարողության շրջանակում: 

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հայաստանում կներկայացվի Հնդկաստանի մշակույթն ու ազգային հարստությունները: Փառատոնը մեկնարկեց լապտերը վառելու ավանդական արարողությամբ: 

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի քարտուղար Արմինե Սարգսյանը «ԱՌԿԱ Style»-ին տված հարցազրույցում նշեց, որ փառատոնի նպատակն է ստեղծել Հնդկաստանի հետ միջմշակութային երկխոսության նոր հարթակ, որի օգնությամբ կներկայացվեն այս երկրի իրական մշակութային արժեքները: 

«Մեր առջև խնդիր ենք դրել ներկայացնել հնդական անաղարտ մշակույթը, որը վեր է բոլիվուդյան մակարդակից: Յոթ օրում կփորձենք ներկայացնել հնդկական բազմազանությունը, գունեղությունն ու մշակութային ողջ ներկապնակը»-ասաց Սարգսյանը: 

Փառատոնն անցկացվում է առաջին անգամ և մինչև սեպտեմբերի վեցը զանազան միջոցառումներով հագեցած օրեր են սպասվում:

«Հնդկական խոհանոցին հատուկ համեմունքների, ազգային հագուստի՝ սարիի, զարդերի, Հնդկաստանը՝ որպես զբոսաշրջության վայր և առհասարակ մշակութային բազմազանության մասին պատմող սեմինարներ են անցկացվելու: Բացի դրանից, յուրաքանչյուր երեկո «Հավանա» ռեստորանային համալիրում կանցկացվեն համերգային, ժամանցային միջոցառումներ»- հայտնեց մեր զրուցակիցը:
 
Փառատոնի շրջանակում բոլոր այցելուների համար թե՛ սեմինարների և թե՛ համերգային ծրագրերի մուտքն ազատ կլինի: 

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն հատկանշական համարեց այն, որ փառատոնի օրերը համընկել են Հնդկաստանում նշվող երեք ազգային տոների հետ: 

Միևնույն ժամանակ դեսպանը խոստովանում է, որ փառատոն անցկացնելու մտահղացումն այն երիտասարդներինն է, ովքեր սիրում են Հնդկաստանը, իսկ դեսպանությունը պարզապես աջակցում է նրանց: Դեսպան Բաբուն համոզված է, որ նմանատիպ միջոցառումների անցկացումն է՛լ ավելի կխթանի հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը: 

«Մշակույթը շատ մեծ ուժ ունի, և այն նպաստում է տարբեր երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Համոզված եմ, որ ցանկացած այսպիսի միջոցառման անցկացում կնպաստի հայ-հնդկական հարաբերությունների էլ ավելի խորացմանը»,-ընդգծեց դեսպանը:

«Հնդկաստանի օրեր Հայաստանում» փառատոնի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ,  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գերատեսչությունների աշխատակիցներ, արվեստագետներ: 
Փառատոնի շրջանակում հատուկ հրավիրված հյուրերի թվում է հնդկական պարերի գիտակ, պարուսույց Ռիմա Շամոն: Նա պատմեց, որ հնդկական պարերով սկսել է տարվել դեռևս երկու տարեկանից: Իսկ 11 տարեկանից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ պարով: 

«Այն ամենը, ինչ կապված Հնդկաստանի հետ, ինձ հետաքրքրում է. առանց հնդկական պարերի, առանց Հնդկաստանի մշակույթի կյանքն ինձ համար անհետաքրիր կլիներ և ձանձրալի»,-խոստովանեց պարուհին: Փառատոնի շրջանակում Ռիմա Շամոն ներկայացրեց հնդկական պարային երեք կատարում՝ դասական, ազգային և ժամանակակից: 

«Այս փառատոնի համար ես ընտրել եմ պարերի լավագույն ընտրանին ՝ Տերի Պայել, Աջաջա և Ջումկա հայտնի պարերը, որոնք հիմնականում սիրո մասին պատմություններ են, ինչպես բոլիվուդյան ֆիլմերում»,- ասաց մեր զրուցակիցը:
 
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի վեցին՝ հնդկական խոհանոցի փառատոնի փակման արարողության ընթացքում, վեց խոհարարներ ի ցույց կդնեն իրենց խոհարարական հմտությունները: 

Ինչպես բացման, այնպես էլ փակման արարողությունը հարուստ կլինի հնդկական մշակույթի հարուստ գունեղությամբ՝ զուգորդված ավանդական ուտեստների հյուրասիրությամբ: Կազմակերպիչների խոսքով` Հայաստանում Հնդկաստանի փառատոնի անցկացումը կկրի շարունակական բնույթ: -0-