ArmStyle

Արարատյան հայրապետական թեմը տեսանյութ է պատրաստել, որում տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչները շնորհավորում են երիտասարդների և սիրահարների հովանավոր սուրբ Սարգսի օրվա կապակցությամբ:

 

Շնորհավորանք են ուղղում ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, երգչուհիներ Նունե Եսայանն ու նրա ամուսինը` Ավո Խալաթյանը, երգիչներ Թաթա Սիմոնյանը, Արամ MP3–ն, Էրիկը, Նարեկ Բավեյանն ու Մարտին Մկրտչյանը, մոդել Լուսինե Թովմասյանը, հումորիստներ Գարիկ Պապոյանն ու Արմուշը, հաղորդավարներ Արմեն Ամիրյանը, Դիանա Մալենկոն, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Հայաստանի գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանն ու ուրիշներ։

 https://www.youtube.com/watch?v=Vq10ApmXbyE&nbsp

 

 

Սուրբ Սարգիսը (285-337) հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, որին խիզախության համար Բյուզանդիայի կայսր Կոնստանդինոսը նշանակել է Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի իշխան և զորավար։ Քրիստոնյաների հետապնդումների ժամանակ սուրբ Սարգիսը լքել է կայսրությունը և ապաստան գտել քրիստոնյա Հայաստանում։ Երբ Պարսկաստանի թագավոր Շապուհը պահանջել է սուրբ Սարգսից խոնարհվել կրակի առջև և զոհաբերություն անել, սուրբ Սարգիսը հրաժարվել է և կործանել է զոհասեղանը։ Սարգիսը և նրա որդի Մարտիրոսը նահատակվել են: Քրիստոնեական հավատքի համար նահատակվել են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները:

 

Սուրբ Սարգիս զորավարի օրը, որն այս տարի նշվում է հունվարի 31-ին,  Հայաստանում ոչ միայն եկեղեցական ծեսերով են նշում, այլև ըստ ավանդույթի` հայ երիտասարդներն այցելում են Սբ. Սարգիս եկեղեցիներ՝ բոլոր երիտասարդների հովանավոր սուրբ Սարգսի օրհնությունը ստանալու համար: Այդ օրը բոլոր երիտասարդներն աղոթում են և խնդրում սրբին իրենց աղոթքը հասցնել բարձրյալին:

 

Ավանդույթի համաձայն, տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում։ Դրանից հետո ոչինչ չեն ուտում կամ խմում՝ սպասելով երազում հայտնությանը։ Այդպիսով երիտասարդները որոշում են իրենց ընտրյալներին, ովքեր, հավատալիքի համաձայն, երազում նրանց ջուր են տալիս։  
 
Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: -0-