Նախօրեին Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից մեկի` գեղանկարիչ Սարգիս Համալբաշյանի «Հայկական թաղամաս» անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին:

Ցուցահանդեսի վերնագիրն արդեն իսկ խոսուն է` ներկայացված են յուղաներկով արված տասը կտավներ, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայկական թաղամասերը պատկերող գրաֆիկական աշխատանքներ։ 

««Հայկական թաղամաս» արտահայտությունը բավականին բնորոշ է Արևմտյան Հայաստանի համար, որտեղ գոյություն են ունեցել հայկական համայնքներ։ Մանկուց բազմաթիվ պատմություններ եմ լսել հայկական համայնքների` ցեղասպանությունից տուժած բնակիչների մասին, և դա ինձ վրա ուժեղ տպավորություն է գործել։ Դա էլ հենց այդ կտավների ստեղծման ոգեշնչման աղբյուրն է»,– պարզաբանեց Համալբաշյանը։ 

Սարգիս Համալբաշյանի գեղանկարչությունը շատ ազգային է և, միաժամանակ, միջազգային։ Դրանում տեղ են գտել ինչպես հնագույն ճարտարապետական հուշարձանները, հրապարակները, շքեղ պալատները, այնպես էլ հայկական ծուռումուռ բակերը, փողոցները և Գյումրու խարխուլ տնակները։ Նկարիչն աշխատում է նաև մոդեռն ոճով։ 

«Գեղանկարչությունը միշտ բացառիկ հոգևոր երևույթ է և արվեստի միանգամայն առանձին ուղղություն, և այն հավերժ է, ինչպես ասում էր հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը»,- կարծում է նկարիչը։

Նկարիչն աշխատում է նաև մոդեռն ոճով։ Երկաթյա զենք ու զրահով ասպետները և նրբակազմ բարձրաշխարհիկ կանայք կանգնած են կոկորդիլոսների, ձկների, կովերի կողքին, իսկ խաչված Քրիստոսի գլխավերևում կործանիչներ են սավառնում։ 

Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1953 թվականին։ Առաջին անգամ հեղինակի աշխատանքները ցուցադրվել են 1988 թվականին Մոսկվայում «ԽՍՀՄ երիտասարդ նկարիչներ» խմբային ցուցահանդեսի շրջանակում։ Սարգիս Համալբաշյանի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1992 թվականին Լոնդոնի «Նոր ակադեմիա» պատկերասրահում։ Դրան հետևել է 1996 թվականին Փարիզի «La Hune» պատկերասրահում ցուցահանդեսը։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ–ում, Ռուսաստանում, Կիպրոսում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում։ Երկար ժամանակ նկարիչը հրաժարվում էր Հայաստանում ցուցահանդեսներից` ընդհուպ մինչև 2006 թվականը` համարելով, որ դրա ժամանակը դեռ չի եկել։

Լուսանկարները կարոք եք դիտել այստեղ: -0-