ArmStyle

Համեստ արտաքինով, գունատ դեմքով, ճերմակ մազերով կինը բեմից նայում է հանդիսատեսին: Բայց որքան փայլուն է դառնում նա, երբ սկսում է խոսել… Գրող,  հրապարակախոս, ռուսալեզու «Էլիտարնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Նելլի Սահակյանն է, և այս անգամ հանդիսատեսին է ներկայացնում  իր երկու նոր գրքերը՝ «Ոգու բոցավառում» ինքնակենսագրական վիպակն ու «Էլիտարնայա գազետա» հոդվածների հավաքածուն: 

Նելլի Սահակյանը «Ոսկե փետուր», ինչպես նաև Յուրի Դոլգորուկիի անվան մրցանակների դափնեկիր է, տասնյակ գրքերի ու բազում բանաստեղծությունների, էսսեների, հոդվածների հեղինակ: 

Բանաստեղծուհու ստեղծագործական երեկոն, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին Երևանի «Մոսկվայի տանը», բացեց հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխասը): Դահլիճը բազմամարդ չէր. հավաքվել էին միայն գրողի ամենամտերիմ ընկերներն ու հավատարիմ ընթերցողները: Հանդիսատեսի թվում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանը: 

«Էլիտարնայա գազետա» թերթը հիմնադրվել է Էդուարդ Արաբխանյանի աջակցությամբ (Էդուարդ Արաբխանյանը ժամանակին «Ռասկո»-ի խորհրդի նախագահն է եղել, մահացել է 2007-ին): 

«Իմ կյանքում մեծ հաջողություն էր հանդիպել Արաբխանյանի նման մարդու, ով ցավոք այսօր կենդանի չէ».- երեկոյի սկզբում նշեց Նելլի Սահակյանը՝ հանդիսատեսին ամենայն մանրամասնությամբ պատմելով, թե ինչպես է որոշել դիմել Է. Արաբխանյանին` ամսագրի ստեղծմանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար: Բանաստեղծուհին բեմ հրավիրեց Արաբխանյանի մորը՝  խորին շնորհակալություն հայտնելով նրան: Այնուհետև Ն. Սահակյանը նշեց, որ Է. Արաբխանյանի մահվանից հետո ամսագիրը լույս է տեսել ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի աջակցությամբ, իսկ հետո՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: 

«Էլիտարնայա գազետա» թերթը Նելլի Սահակյանը ղեկավարել է ավելի քան 18 տարի: Թերթը լույս է տեսել ամիսը մեկ անգամ: 18.5 տարի հետո որոշել է, որ թերթն անհրաժեշտ է փակել: «Հայաստանում այսօր ռուսերեն լույս տեսնող թերթ շատ քիչ են կարդում: Մնացած գումարով որոշեցի գիրք հրատարակել: Քանի որ թերթը հնանում է, իսկ գիրքը մնայուն է, այդ պատճառով որոշեցի հայ մշակույթի մասին տպագրված լավագույն հոդվածները հրատարակել «Էլիտարնայա գազետա» գրքում: Սա իմ՝ որպես խմբագրի կյանքի ամփոփումն է»,- նշեց գրողը: 

Նելլի Սահակյանը հանդիսատեսին ներկայացրեց նաև իր երկրորդ՝ «Ոգու բոցավառում» ինքնակենսագրական գիրքը: «Այս գիրքն իմ ճակատագրի ու իմ ամբողջ կյանքի մասին է: Այն իմ գերդաստանի ու իմ ժողովրդի մասին է: Ես թե հայրական, թե մայրական կողմից Ղարաբաղից եմ: Գրքում ներկայացված է, որ ես իմ գերդաստանի ամենահամառ մարդն եմ, բայց ոչ թե այն պատճառով, որ ղարաբաղցի եմ, այլ որ ապագա արվեստագետ եմ: Արվեստագետը համառ է յուրաքանչյուր ղարաբաղցուց»,- նշեց Նելլի Սահակյանը: 

Երեկոն անցավ մտերմիկ ու անկեղծ մթնոլորտում: Հանդիսատեսը հարցեր էր ուղղում Նելլի սահակյանին: Նրանք, ովքեր գրողի հետ ճանապարհ էին անցել, իրենց հետաքրքիր պատմություններ էին ներկայացնում Ն. Սահակյանի մասին: Երեկոյի ընթացքում բանաստեղծուհին իր խոսքում մշտապես անդրադառնում էր հայրենիքին: Շատ հեշտությամբ «գնում էր» անցյալ, հիշում պատմության մոռացված պատկերներ, այնուհետև անցում կատարում, հիշում համաշխարհային դասականներին, իր խոսքը համեմում այս կամ այն հայտնի գրողի, հատկապես Շեքսպիրի խոսքերով: Այնպիսի տպավորություն էր, որ Նելլի Սահակյանը գիտի աշխարհում ամեն ինչի մասին: 

Ամբողջ երեկոյի ընթացքում նա ռուսերենով հանդիսատեսին ներկայացրեց Հայաստանի հետաքրքիր պատկերը: «Ես կորցրել եմ իմ լեզուն, բայց չեմ կորցրել իմ հայկական ոգին: Ասում են՝ ամենակարևորը լեզուն է, ես կարծում եմ՝ ոգին ավելի կարևոր է: Շատերը լեզուն չեն կորցրել, բայց դադարել են հայ լինել: Իսկ ես խոստանում եմ՝ եթե ինչ-որ բան լինի, այս հողից վերջինը ես եմ գնալու»:-0-