ArmStyle

Սեպտեմբերի 20-ին Վարդենիս քաղաքում առաջին անգամ կանցկացվի «Ոսկե հասկ»  փառատոնը, որի շրջանակում կմիավորվեն հայկական խոհանոցի, ձեռագործի և երաժշտության լավագույն ավանդույթները:

Փառատոնի նախագահ, Հայրենիքի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը լրագրողներին ասել  է, որ միջոցառման շրջանակում Վարդենիսի և մոտակա 8-9 գյուղերի բնակիչները կներկայացնեն հացահատիկից պատրաստված ավանդական կերակրատեսակներ:

Փառատոնի համակազմակերպիչ, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս, Հայրենիքի զարգացման հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթն իր հերթին նշեց, որ փառատոնի հյուրերին հայկական փախլավա, հացահատիկից պատրաստած տոլմա, լավաշ, սպաս, խաշլամա, ինչպես նաև գարեջուր կհյուրասիրեն:

Փառատոնի ժամանցային մասը կապահովեն DJ Վակցինան, «Սասուն» համույթը, ինչպես նաև տեղի կոլեկտիվներ:
Շատ կերակրատեսակներ կպատրաստվեն հենց փառատոնի ժամանակ:

«Հատկանշական է, որ մեզ կմիանա նաև Վարդենիսի զորամասը, որը ևս կներկայացնի իր խոհանոցի հրաշքները»,- ասաց Անահիտ Մխոյանը:

Չեն ձանձրանա նաև փառատոնի ամենափոքրիկ հյուրերը, որոնց համար կհատկացվի առանձին տարածք և կտեղադրվի մանկական բատուտ:

Այս տարի Հայրենիքի զարգացման հիմնադրամն արդեն կազմակերպել է մի քանի հետաքրքիր փառատոններ, որոնց թվում են`Սյունիքում ոչխարների խուզման փառատոնը, Շիրակի մարզում Տարազի փառատոնը, Շամշադինում Հատապտուղների և մեղրի փառատոնը:-0-