ArmStyle

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը 16–րդ տեղն է զբաղեցրել «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում` հավաքելով 34 միավոր։

Հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլևը Heroes‬ երգով։ Երկրորդ տեղում ռուս Պոլինա Գագարինան է, երրորդը` իտալական Il Volo խումբը։ 

Մոնս Զելմերլև

Հայկական խմբին Face the Shadow երգի համար առավելագույն 12 միավորը տվել է հարևան Վրաստանը, վեց միավոր` Ռուսաստանը, չորս միավոր` Բելառուսը, երեքական միավոր` Բելգիան, Ֆրանսիան և Մակեդոնիան, երկու բալ` Չեխիան և մեկ միավոր` Հունաստանը։

Genealogy խումբը մրցույթին ներկայացրել  է Face the Shadow երգը։ Genealogy–ն բաղկացած է վեց մասնակցից, որոնք ներկայացնում են Հայաստանն ու հինգ մայրցամաքները։ Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։

Եզրափակչին մասնակցել է 27 երկիր։ Նրանք ելույթ են ունեցել հետևյալ կարգով` Սլովենիա, Ֆրանսիա, Իսրայել, Էստոնիա, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Լիտվա, Սերբիա, Նորվեգիա, Շվեդիա, Կիպրոս, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա, Հունաստան, Չեռնոգորիա, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ռումինիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ալբանիա և Իտալիա։

«Եվրատեսիլ 2015» մրցույթն անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ 

Հայաստանը մասնակցում է մրցույթին 2006 թվականից։ Լավագույն արդյունքներն են` չորրորդ տեղը, որը զբաղեցրեցին Սիրուշոն 2008 թվականին և Արամ MP3–ը (Արամ Սարգսյան) 2014 թվականին։ -0-