ArmStyle

Ռուսաստանի ազգագրական թանգարանի տնօրեն, Ռուսաստանի թանգարանների միության նախագահության անդամ, Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի կոլեգիայի անդամ Վլադիմիր Գրուսմանը ժամանել է Հայաստան, որպեսզի Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկի «Հայկական մշակույթի աշխարհ» աշխատանքային խորագրով ցուցահանդեսի անցկացման մանրամասները։ Ցուցահանդեսը ծրագրվում է անցկացնել ապրիլին Սանկտ Պետերբուրգում, այնուհետև` Մոսկվայում։ Սեպտեմբերի 21–ին ակնկալվում է ցուցահանդեսի բացումը Երևանում, որտեղ կներկայացվեն արժեքավոր նմուշներ Վասպուրականի մշակույթի մասին «Հայաստանի կորուսյալ գանձեր» կատալոգից, ինչպես նաև այլ ցուցանմուշներ։ Վլադիմիր Գրուսմանը պատմել է «ԱՌԿԱ Style»–ին պատրաստվող ցուցահանդեսի, Ռուսաստանի արվեստում և մշակույթում «հայկական հետքի» մասին։ 

– Պարոն Գրուսման, ինչպե՞ս է «հայկական» հետքը ներկայացված Ռուսաստանի ազգագրական թանգարանում։ 

Վ. Գրուսման – Մենք ունենք մշտական ցուցադրություն, որը նվիրված է 19–րդ դարի վերջի 20–րդ դարի սկզբի հայերի պատմությանն ու մշակույթին։ Այնտեղ ներկայացված են արհեստներին, գորգագործությանը, կենցաղին վերաբերող տարբեր ցուցանմուշներ։ Կան նաև ապշեցուցիչ կոստյումներ, 19–րդ դարի վերջի մեծ թվով բացառիկ լուսանկարներ։ Ընդհանուր առմամբ, ցուցադրությունում ներկայացված են շուրջ 3 հազար առարկաներ, ֆոնդերում դրանք ավելի շատ են։ 

– Ի՞նչ հարցերի լուծմանն է նվիրված Ձեր հանդիպումը Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ։ 

Վ. Գրուսման – Ես ժամանել եմ Երևան, որպեսզի որոշ շտկումներ կատարեմ մեկ տարի առաջ ցուցահանդեսի վերաբերյալ մեր պայմանավորվածությունների մեջ։ Սկզբում մենք պայմանավորվել էինք 1916 թվականին Վասպուրականում ռուսական ազգագրական արշավախմբի հավաքած բացառիկ հավաքածուին նվիրված կատալոգի մասին։ Իսկ հետո պարզ է դարձել, որ այդ պարբերականը պահանջում է, որպեսզի այդ առարկաները ցուցադրվեն մարդկանց։ Հենց այդ պատճառով ցուցահանդեսը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Երևանում։ 

– Ինչպիսի՞ն է գործակցությունը հայկական և ռուսական թանգարանների միջև առաջիկայում։ 

Վ. Գրուսման – Ես այդ գործակցությունը տեսնում եմ ճիշտ այնպես, ինչպես մեր երկրների ղեկավարները։ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, որը մեծ ապագա ունի։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ամենաբարձր մակարդակով կայացած բոլոր հանդիպումները պարզապես պարտավորեցնում են ցուցահանդեսների թանգարանային փոխանակում կատարել։ 

– Ղրիմում ծրագրվում է Ռուսաստանի ազգագրական թանգարանի մշակութային–մեթոդական կենտրոն բացել։ Դա ինչ–որ կերպ կապվա՞ծ է Երևան ժամանելու հետ։ 

Վ. Գրուսման – Առայժմ այդ հարցն օրակարգում չէ։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա այդ որոշումն ընդունվել է նախորդ տարվա մայիսին։ Մենք Սիմֆերոպոլում Ղրիմի ժողովուրդների ազգագրության թանգարանի տնօրենի հետ գործակցության մասին համապատասխան փաստաթուղթ ենք ստորագրել։ 

– Հարցազրույցներից մեկում Դուք ասել եք. «Ռուսական գենետիկայի հզորությունը, անկասկած, տարբեր ժողովուրդների միախառնման տարրերում է։ Եվ եթե Ռուսաստանը ցանկանում է ամբողջովին վերածնել իր պատմականորեն ստեղծված հզորությունը, ապա պետք է միավորի բոլոր բնակվող ժողովուրդների և ազգությունների շահերը, հաշվի առնի բոլոր ռուսաստանաբնակների ազգային–մշակութային ավանդույթները և մտածողությունը»։ Ի՞նչ արտացոլում է գտել այդ տեսակետը Ձեր` որպես թանգարանի ղեկավարի գործունեության մեջ։ 

Վ. Գրուսման – Ես քառասուն տարի զբաղվում եմ դրանով։ Քառասուն տարի աշխատում եմ ազգագրության թանգարանում, և քառասուն տարի մենք ապացուցում ենք, որ չկան ավելի լավ կամ ավելի վատ մշակույթ ունեցող ժողովուրդներ։ Քառասուն տարի մենք ասում ենք այն մասին, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակույթ արժեքավոր է, այն հնարավոր չէ ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել, այդ պատճառով ազգագրության թանգարանի բոլոր 34 դահլիճները նվիրված են նրան, ինչ մենք այստեղ պատմում ենք այցելուներին։ 

Մենք սկսում ենք աշխատել Մանկական ազգագրական կենտրոնում երեխաների հետ` երեք տարեկանից սկսած։ Մենք պատմում ենք երեխաներին այն մասին, որ Ռուսաստանը հզոր երկիր է, որովհետև նրանում ներկայացված են շուրջ 130 ժողովուրդներ և էթնոսներ։ Դա պարտավորեցնում է, որ այդ մասին խոսենք և չմոռանանք։ 

– Ո՞րն է, ըստ Ձեզ, հայկական մշակույթի առանձնահատկությունը։ 

Վ. Գրուսման – Հայկական մշակույթի առանձնահատկությունը հենց Հայաստանի աշխարհագրական դիրքն է։ Վերջին երկու տարիներին մենք զբաղվում ենք «Մետաքսե մեծ ճանապարհի» գիտամշակութային զբոսաշրջային նախագծով, և միանգամայն հասկանալի է, որ մեր թվարկության սկզբից Հայաստանը եղել է այն տարածքը, որը ներծծել է իր մեջ տարբեր ժողովուրդների մշակույթները։ Մենք հասկանում ենք, թե ինչ է հնագույն քրիստոնեությունը։ Մեր հայկական ցուցադրությունում ներկայացված խաչքարը նաև ասում է այն մասին, որ Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որտեղ առաջացել է համաշխարհային ամենամեծ կրոնը` քրիստոնեությունը` որպես պետական կրոն։ -0-