ArmStyle

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով հունիսի 5-8-ը կմասնակցի Ֆրանսիայում անցկացվող MIDEM միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

«Այս միջոցառումն, ի թիվս այլ իրադարձությունների, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում»,– ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նրա խոսքով` Հայաստանը MIDEM-ի հեղինակավոր հարթակում կներկայացնի ոչ միայն հայկական երաժշտությունը, այլև` վերածնված Հայաստանը, դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին։

«Հայաստանի մասնակցությունը MIDEM–ին 2015 թվականին արտերկրում անցկացվող կարևոր միջոցառումներից մեկը կդառնա։ MIDEM-ն ամենահեղինակավոր փառատոներից է, որն անցկացվում է մեր բարեկամ Ֆրանսիայում, որտեղ անչափ գնահատում են հայ ժողովրդի երաժշտական ավանդույթները», — ասաց Պողոսյանը։

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին կարևորեց այն փաստը, որ Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով է մասնակցելու փառատոնին:

«Հայաստանի մասնակցությունը ուղերձ է և ինչ-որ տեղ ընդգծում է այն միտքը, թե մշակույթն ավելի ուժեղ է, քան բռնությունը, և որ հայկական մշակույթը հաղթահարել է տանջանքներն ու տառապանքները, մշակույթն անհամեմատ ավելի բարձր է։ Կաննում անցկացվելիք փառատոնում Հայաստանն ի տես աշխարհի կներկայացնի իր երաժշտությունը` ավանդական և ժամանակակից բոլոր դրսևորումներով»,-նշեց Շարպանտիեն:

Միաժամանակ նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանը փառատոնին ներկայանա երիտասարդ երաժիշտներով։

«Շատ հպարտ եմ, որ նմանատիպ իրադարձություն պետք է տեղի ունենա ֆրանսիական հողում»,-նշեց դեսպանը:

Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը ներկայացրեց այն ծրագրի մանրամասները, որով Հայաստանը պետք է ներկայանա փառատոնին։

Նրա խոսքով` Հայաստանն ազգային մեծ տաղավար է ունենալու և հենց կենտրոնում Հայաստանին նվիրված պաստառ է լինելու։ 

«Չորս օր շարունակ փառատոնի ընթացքում կներկայացվի Հայաստանի մշակութային հարստությունը։ Բացմանը կհնչի հայկական երաժշտություն, հյուրերը հայկական կերակրատեսակներն ու խմիչքները համտեսելու հնարավորություն կունենան»,– ասաց Մուխը։

Նրա խոսքով` երկրորդ օրը նվիրված կլինի Կոմիտասի արվեստին։

«Փառատոնի ընթացքում կկազմակերպվի Հայաստանի մշակույթին նվիրված ասուլիս, ինչպես նաև` ցուցահանդեսներ, հայ դիզայներների ցուցադրություններ»,– ասաց Մուխը։

Նա նշեց, որ փառատոնին ելույթ կունենան «Կատուներ», «Դորիանս» «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբերը, «Հովեր» երգչախումբը, Երիտասարդական նվագախումբը, Նարեկ Հախնազարյանը և ուրիշ կատարողներ։

MIDEM-ը աշխարհի երաժշտական ինդուստրիայի կարևորագույն փառատոներից է, որը Կաննում անցկացվում է 1966 թվականից: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ընկերություններ, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ։ 

Հայաստանի մասնակցության խորհրդանիշն է նուռը` պատկերված չորս տարբեր գույներով, որոնք խորհրդանշում են օդը, ջուրը, հողը և կրակը: 

Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շնորհիվ, հովանավորն է «Տաշիր գրուպ» ընկերությունը։-0-