ArmStyle

ՀՀ Արագածոտնի մարզում և Երևանում սեպտեմբերի 11-14-ը կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» երրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

Փառատոնին, մասնավորապես, մասնակցում են Լեհաստանը ներկայացնող «Վիելկոպոլանիե» և «Սզամոտուլի» ֆոլկլորային համույթները, «Տոնացույց», «Սասուն», «Տարոնցիներ», «Մասունք», «Կարոտ» հայկական համույթները, Ուջան, Ներքին Բազմաբերդ, Աշնակ, Բյուրական գյուղերի խմբերը:

Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին Բյուրական գյուղում` մասնակիցների գունագեղ շքերթով: Ֆոլկլորային համույթներն ազգային տարազներով զուռնա դհոլի և պարկապզուկի և լեհական ժողովրդական գործիքների ուղեկցությամբ գնալու են գյուղամեջի աղբյուրից մինչև մշակույթի տուն, որտեղ իսկական ազգագրական ներկայացում կբեմադրվի: Մշակույթի տան աթոռները հավաքված են լինելու, ու ներսում կազմակերպվելու է պարատուն: Լեհերի խմբի կեսը ելույթ է ունենալու բեմի վրա, իսկ մյուս կեսը ներքևում պարելու է ժողովրդի հետ: Հետո հայկական խմբերն են անելու նույն բանը՝ սովորեցնելով լեհերի հայկական պարեր: Շքերթի մասնակիցների ճանապարհին գյուղացիները տոնական կերակուրներով սեղան կբացեն:

Սեպտեմբերի 12-13-ին էստաֆետը կընդունի Աշտարակ քաղաքը, որտեղ բերքի տոն կկազմակերպվի, ինչպես նաև՝ Ուջան գյուղը, որտեղ Սասնա պարեր կներկայացվեն: Սեպտեմբերի 14-ին ֆոլկլորի տոնը կավարտվի Երևանում` գալա-համերգով:

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Ավանդական տոների վերածնունդ» ՀԿ-ն և Բյուրականի և Ուջանի գյուղապետարանները:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն անցկացվում է «Ֆոլկլորի համար չկա սահման, գոյություն չունի լեզվական դժվարություն… պարը, երգը, երաժշտությունը աշխարհի լավագույն լեզուներն են» խորագրի ներքո:

Ծրագիրն ուղղված է տարածաշրջանի ճանաչմանը, մշակութային  կյանքի  ակտիվացմանն  ու զարգացմանը, ինչպես նաև խաղաղության պահպանմանը:

2012 և 2013 թթ.-ին անցկացված առաջին և երկրորդ փառատոններին մասնակցել են Իտալիայից «Վալե դի Կոմինո»  և Սարդինիայի «Սամուգեո» ֆոլկլորային խմբերը, Լիտվայից Վիլնյուսի «Ռատիլիո» ազգագրական խումբը և Չեխիայից հանրաճանաչ «Վալասկե Վոյովոդու» ֆոլկլորային համույթը:

«Ավանդական տոների վերածնունդ» ՀԿ-ն 2010թ-ից ակտիվորեն աշխատում է ծրագրի իրականացման ուղղությամբ: Այսպես` 2010թ. Իտալիայում կայացած  «Natale Insieme»  Սուրբ Ծննդյան փառատոնի ընթացքում, որին մասնակցում էր «Տոնացույց»  ժողովրդական թատրոնը, քննարկվեց Հայաստանի ներգրավումը «Ֆոլկլորը խաղաղության համար»  նախագծում: 2011թ. Չիոչիարիայում կայացած միջազգային ֆոլկլորային փառատոնի ընթացքում ներկայացվեց հայաստանյան փառատոնի նախագիծը, որը հավանության արժանացավ, իսկ երկու ամիս հետո Հայաստան ժամանեց իտալական փորձագետների պատվիրակությունը:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» առաջին փառատոնն անցկացվել է 2012 թ.-ի սեպտեմբերին Աշտարակում, Ուջանում, Կարբիում և Երևանում, իսկ երկրորդը՝ 2013 թ.-ին Գավառում, Գյումրիում և Երևանում: -0-