ArmStyle

«Անդին» գրական- գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրն իր առաջին` 2013-2014 թթ. մրցանակաբաշխության «Տարվա հերոս» անվանակարգի  մրցանակը հանձնեց հայ զինվորին, որը ստացավ Հայկ Հակոբյանը: Մրցանակաբաշխությանը ներկա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս առիթով ասաց, որ Հայոց բանակն ու «Անդինը» երկու տարիների համագործակցության արդյունքում կարողացել են համատեղ կյանքի խնդիրները տեղափոխել անդին: «Մեր հայրենիքն ապահով ձեռքերում է՝ հանձին Հայկ Հակոբյանի նման զինվորների»,- ասաց նախարարը:

2012-ին հիմնադրված «Անդին» ամսագրի մրցանակաբաշխությունն անցկացվեց փետրվարի 28-ին, ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն է: 

Ամսագրում տպագրված 2013-2014 թվականների լավագույն գործերի հեղինակները մրցանակների արժանացան հինգ անվանակարգերում: 

«Լավագույն էսսե» անվանակարգում հանձնվեց երկու մրցանակ` Վահան Սաղաթելյանին ու Թադևոս Խաչատրյանին: «Լավագույն արձակի» հեղինակ ճանաչվեցին Լևոն Ջավախյանը և Արամ Պաչյանը: 

«Լավագույն բանաստեղծություն» անվանակարգում մրցանակի արժանացան Հրաչյա Սարուխանը և Վահագն Աթաբեկյանը: «Տարվա հայտնությունն» էր երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը: 

«35 տարի առաջ գնացի «Գարուն» ամսագիր` աշխարհը նվաճելու: Բայց, Սևակի ասած, առաջին ստեղծագործությունները միշտ կուտ են գնում: Մերուժան Տեր-Գուլանյանը գրածներս չէր տպագրում: Զգացի բանն ինչումն է, հայրս թունդ օղիներ ուներ, սկսեցի Մերուժին օղի բերել: Մերուժը խմում էր ու… էլի չէր տպում: Կողքի մարդկանց ներկայացնում էր` մեր հեղինակներից է, հանճարեղ օղիներ է բերում: Օղիները ընդունում էին, ինձ մերժում: Օղին հանճար, ես` անճար: 35 տարի հետո օղիների արդյունքը տեղ հասավ»,- մրցանակը ստանալիս ասաց արձակագիր Լևոն Ջավախյանը։  

Ամփոփելով մրցանակաբաշխությունը` «Անդինի» գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ ամսագրի խմբագրությունը բաց է բոլորի համար: Պայմանը մեկն է` ներկայացվող նյութը պետք է լինի արժեքավոր: Նա նաև նշեց, որ ամսագիրը հնարավորություն է ընձեռում արտահայտվել գրական կյանքում  իրենց առաջին քայլերն անող երիտասարդներին։

«Ամսագիրն այսօր լույս է տեսնում 3500 տպաքանակով, քառատրոփ գնում ենք դեպի 5000: Ամսագրի ընթերցողների շարքում են նաև Հայոց բանակի զինծառայողները։ Իր առաջին համարից սկսած միշտ ունեցել է էջեր՝ նվիրված զինված ուժերին ու հայ զինվորի խնդիրներին ու սխրանքին»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Անդինի» գրական բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը: -0-