ArmStyle

Չորեքշաբթի Հյուսիսային պողոտայում անցկացվեց հայկական տարազի Yerevan TarazFest փառատոնը, որը դիտելու համար երեկոյան հավաքվել էին բազմաթիվ զբոսաշրջիկներ և տեղացիներ։

Ցուցադրության ժամանակ մոդելները ցուցադրեցին ոչ միայն ազգային զարդանախշերով ժամանակակից հագուստ, այլ նաև գունեղ տարազներ։

Գեղեցիկ կազմվածքով մոդելները մեկը մյուսի հետևից ցուցադրեցին դիզայներ–մոդելավորող Արամ Նիկոլյանի և «Տերյան» մշակութային կենտրոնի ոճային, նուրբ և որակյալ աշխատանքները։  

Ի դեպ,  ցուցադրության շրջանակում ներկայացված են հայկական խոշոր պատմական գավառների և քաղաքների (Սյունիք, Կարին, Վան, Վասպուրական, Մուշ, Սասուն, Մոկք), ինչպես նաև Արցախի տարազները։ 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը նշեց, որ մշակույթը, երաժշտությունը, գորգագործությունն ու հագուստը կոնկրետ մշակույթի բաղկացուցիչներն են, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել այս կամ այն ժողովրդի անցած ճանապարհի մասին։ 

«Լավ է, որ TarazFest–ը համընկավ Համահայկական վեցերորդ խաղերի անցկացման հետ։ Հայաստանում հիմա շատ են զբոսաշրջիկները, որոնք եկել են հանրապետություն` մասնակցելու խաղերին կամ պարզապես հանգստանալու, և նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ լավագույն դիզայներների աշխատանքներին», – նշեց Բարաղամյանը։ 

TarazFest փառատոնի շրջանակում տեղադրվել էր 11 վրան, որտեղից Հայաստանի բնակիչները և երկրի հյուրերը կարող էին ձեռք բերել  հայ դիզայներ–մոդելավորողների ձեռագործ աշխատանքները` բիժուտերիա, հագուստ, աքսեսուարներ, գորգեր, տարազով տիկնիկներ և այլն։ 

Yerevan TarazFest-ը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը` «Տերյան» մշակութային կենտրոնի աջակցությամբ: 

Ֆոտոժապավենը կարող եք դիտել այստեղ: -0-