ArmStyle

Հայաստանի նկարիչների միությունում գործում է մեկ տարի առաջ վաղաժամ մահացած հայ տաղանդավոր նկարիչ Դավիթ Սարգսյանի ցուցահանդեսը։ Նախօրեին «Երանելի աշխարհներ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի նկարիչների միության ղեկավար Կարեն Աղամյանը։

«Անհատական ցուցահանդեսները միշտ տոն են։ Ցավոք, այսօր դա այդպես չէ։ Նկարիչն այսօր ներկա չէ Հայաստանի նկարիչների միությունում իր առաջին ցուցահանդեսին»,– ասել է Աղամյանը։

Նրա խոսքով` առաջին ցուցահանդեսին պետք է հաջորդեին մյուսները, քանի որ Սարգսյանը յուրօրինակ, հետաքրքիր կերտող էր։

«Խոսքերն անզոր են, սակայն մենք պետք է հիշենք այդ հրաշալի նկարչին, վառ անձնավորությանը, որի ստեղծագործությունները դարեր կապրեն։ Նրա արվեստը բազմազան է, սակայն միշտ շատ ազգային», – ասել է Աղամյանը։

Նա խոստովանել է, որ նրա համար բացահայտում էր Սարգսյանի արվեստը։

Արվեստաբան Արթուր Ավագյանը կարծում է, որ Սարգսյանի ստեղծագործական ողջ պոտենցիալը գիտակցելու համար ժամանակ է հարկավոր։

«Նա տարբերվում էր խիստ յուրօրինակ ճկուն մտածելակերպով։ Իր ստեղծագործության մեջ Դավիթը եվրոպական և արևելյան միտումներն է արտացոլել, սակայն այն արել է այնպես, որ նրանք կրում են նրա վառ անհատականության կնիքը», – ասել է Ավագյանը։

Նրա կարծիքով` շատ ճիշտ է ընտրված նաև ցուցահանդեսի վերնագիրը`«Երանելի աշխարհներ»։ Նկարչի արվեստը մեր առջև բացում է այդ ձգողական, գրավիչ և զգայական աշխարհները։

Ցուցահանդեսը կտևի մինչև հուլիսի 18-ը։ -0-