ArmStyle

Երիտասարդների և սիրահարների հովանավոր «Սուրբ Սարգսի» տոնը Հայաստանում կնշեն հունվարի 31–ին։ Տոնի խորհրդի, տոնի նկատմամբ երիտասարդության վերաբերմունքի և հայ ժողովրդի համար տոնի նշանակության մասին «ԱՌԿԱ Style»–ի հետ զրույցում խոսել է տեր Զգոն քահանա Աբրահամյանը։

– Ո՞րն է այս տոնի խորհուրդը։

Զգոն քահանա Աբրահամյան – Այն Սուրբ Սարգսի, նրա որդու և հավատացյալների հիշատակի օրն է, ովքեր իրենց կյանքն են զոհել` հանուն հավատքի և սպանվել են Պարսկաստանում։ 

 «Սուրբ Սարգիս» տոնը սկսել է դիտարկվել որպես Սուրբ Վալենտինի հայկական տարբերակ։ Ինչպե՞ս են դրան վերաբերվում հոգևորականները։

Զգոն քահանա Աբրահամյան – Սուրբ Վալենտին գոյություն չունի, կեղծ անձ է։ Այսինքն` Սուրբ Վալենտինը նշվում է որպես կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, սակայն այդ Վալենտինի հետ (ում տոնը նշվում է փետրվարի 14–ին) ոչ մի կապ չունի։ Իսկ մենք` հայերս, ունենք հզորագույն սուրբ, որին մեր ժողովուրդը մեծարում է դարեր շարունակ։ Սուրբ Սարգսի տոնը հայերը միշտ նշել են մեծ ոգևորությամբ։ 

– Ինչու՞ է Սուրբ Սարգիսը համարվում սիրահարների հովանավորը։

Զգոն քահանա Աբրահամյան – Որովհետև նա Աստծու առաջ հովանավորում է սիրահարներին է, նա կատարում է ցանկություններն ու խնդրանքները։

 – Վերջին տարիներին «Սուրբ Սարգիս» տոնն ավելի հանրահայտ է դառնում, այդ օրը շատ մարդիկ, հատկապես երիտասարդներն այցելում են եկեղեցի, կատարում են ծիսակարգեր։ Արդյո՞ք այդ ամենը ցուցադրական չէ։

Զգոն քահանա Աբրահամյան – Չեմ կարծում։ Ժամանակակից երիտասարդությունը բավականին հոգևոր է, նրանք հասկանում են ինչի մասին է խոսքը, գիտակցաբար են մասնակցում եկեղեցական միջոցառումներին։

– Ինչպե՞ս կձևակերպեք երիտասարդներին և հատկապես սիրահարների ուղղված Սուրբ Սարգսի ուղերձը։

Զգոն քահանա Աբրահամյան – Թող Սուրբ Սարգիսն իր խիզախությամբ ոգեշնչի բոլորին, ուժ հաղորդի, որպեսզի նրանք կարողանան արիաբար անցնել կյանքի ճանապարհով` կատարելով պատվիրաններն ու կյանքի կոչելով միայն բարի մտադրությունները։

Սուրբ Սարգիսը (285-337) հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, որին խիզախության համար Բյուզանդիայի կայսր Կոնստանդինոսը նշանակել է Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի իշխան և զորավար։ Քրիստոնյաների հետապնդումների ժամանակ Սուրբ Սարգիսը լքել է կայսրությունը և ապաստան գտել քրիստոնյա Հայաստանում։ Երբ Պարսկաստանի թագավոր Շապուհը պահանջել է Սուրբ Սարգսից խոնարհվել կրակի առջև և զոհաբերություն անել, Սուրբ Սարգիսը հրաժարվել է և կործանել է զոհասեղանը։

Սարգիսը և նրա որդի Մարտիրոսը նահատակվել են: Քրիստոնեական հավատքի համար նահատակվել են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: 

Սուրբ Սարգիս զորավարի օրը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսերով: Ըստ ավանդույթի, հայ երիտասարդությունն այցելում է Սբ. Սարգսի եկեղեցիներ՝ բոլոր երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի օրհնությունը ստանալու համար: Այդ օրը բոլոր երիտասարդներն աղոթում են և խնդրում Սրբին իրենց աղոթքը հասցնել Բարձրյալին: 

Այս օրը երիտասարդ սիրահարները Հայաստանում աղի բլիթներ են ուտում։ Ժողովրդական սովորույթի համաձայն, անհրաժեշտ է տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտել։ Դրանից հետո ոչինչ չեն ուտում կամ խմում՝ սպասելով երազում հայտնությանը։ Այդպիսով երիտասարդները որոշում են իրենց ընտրյալներին, որոնք հավատալիքի համաձայն, երազում նրանց ջուր են տալիս։

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

Սուրբ Սարգսի օրվա տոնակատարության շրջանակներում ուրբաթ եկեղեցիներում երիտասարդներին կբաժանվեն աղի բլիթներ և բացիկներ, իսկ հունվարի 31-ին Սբ. Սարգսի եկեղեցիներում կանցկացվեն ժամերգություններ և երիտասարդների օրհնության կարգ: Այդ օրը Կարապի լճում և Սիրահարների այգում համերգներ և տոնական միջոցառումներ կանցկացվեն։ -0-