ArmStyle

Հայաստանը ներկայացնող 12–ամյա երգչուհի Մերի Քոչարյանը զբաղեցրեց երրորդ տեղը «Մանկական Նոր ալիք 2015» միջազգային երգի մրցույթում, որն անցկացվել է Ղրիմում։ Երիտասարդ երգչուհու պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմել է մրցույթին մասնակցության, ժյուրիի օբյեկտիվության և հետագա ծրագրերի մասին։ 

– Չեր կարծիքով` ժյուրիի որոշումը օբյեկտի՞վ էր:

Գրիգոր – Բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չեզոք էր։ 10 և 11 միավորների միջև տարբերությունը սկզբունքորեն մեծ չէ, և դու չես կարող պահանջել ժյուրիի անդամից դնել հենց 11 միավոր։ Բարձր գնահատականի արժանանալու համար հարկավոր է զարմացնել, ինչը, ինձ թվում է, մեզ հաջողվեց։ Անկեղծ ասած` երրորդ հորիզոնականն ինձ համար անսպասելի էր, քանի որ մասնակիցները շատ ուժեղ և պատրաստված էին։ Եվ, անշուշտ, առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներն արժանի էին դրան։ 

– Անկասկած, երրորդ հորիզոնականը բավականին պատվավոր է, այդուհանդերձ, մրցույթի բոլոր մասնակիցները ձգտում են զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Ի՞նչ էր պակասում, որպեսզի Մերին զբաղեցնի առաջին տեղը։ 

Գրիգոր – Երրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար անհրաժեշտ է ձգտել առաջինին։ Սակայն գլխավորը, իհարկե, լավ ելույթ ունենալու ձգտումն է։ 

Ինչ վերաբերում է Մերիին, ապա սա նման մրցույթում մասնակցության նրա առաջին փորձն էր։ Եվ աննախադեպ է, որ մասնակիցն առաջին փորձից եզրափակիչ դուրս գա։ Մեր ուժեղ կողմն այն էր, որ մենք համապատասխանում էինք մրցույթի ձևաչափին, Մերին ուներ բեմական և վոկալ լավ տվյալներ, նախապատրաստված էր։

– Հետևելով Մերիի հիանալի ելույթին` մենք մոռանում ենք, որ նա ընդամենը 12 տարեկան է։ Որպես պրոդյուսեր` ի՞նչ եք արել հուզմունքը հաղթահարելու հարցում Մերիին օգնելու համար։ 

Գրիգոր – Ելույթի ժամանակ անհնար է որևէ բան անել։ Մենք նախօրոք 3–4 ամիս շարունակ աշխատել ենք Մերիի հետ։ Իմ կարծիքով, նա շատ խիզախ և բարդույթներ չունեցող աղջիկ է, սակայն առաջին փորձից հետո Մերին խուճապի մատնվեց, քանի որ երբեք ելույթ չէր ունեցել կենդանի ձայնով այդքան մեծ լսարանի առջև։ Հենց այս հուզմունքով են բացատրվում Մերիի համեմատաբար ցածր գնահատականները մրցութային առաջին օրը։ 

– Որպես տեղի ունեցածի անմիջական մասնակից` ինչպե՞ս եք գնահատում մրցույթի մթնոլորտը։

Գրիգոր – Մթնոլորտը բավականին դրական էր։ Ընդ որում, մանկական «Նոր ալիքը» տարբերվում է նրանով, որ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում սովորել, փորձ փոխանակել։ Բացի այդ, Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ` մրցույթն ավելի հեղինակավոր դարձնելու համար։ 

– Դուք հաջողությունների հասած երգիչ եք, երգերի հեղինակ և ուսուցիչ։ Ինչու՞ որոշեցիք դառնալ երիտասարդ երգիչների պրոդյուսեր։

Գրիգոր – Երբ սկսեցի դասավանդել, հասկացա, որ այս գործունեության նպատակն է պատրաստել սովորողներին նրան, որպեսզի նրանք արժանի ներկայացնեն Հայաստանն արտերկրում։ Պետք է խոստովանեմ, որ օտարերկրյա շուկան ավելի մեծ և գրավիչ է, քան տեղականը։ 

– Ձեր պրոդյուսերական գործունեությունը հոգու ճի՞չ է, թե՞ բիզնես։

Գրիգոր – Երկուսը մեկում, քանի որ ես սիրում եմ դասավանդել, փոխանցել սեփական փորձը։ Մյուս կողմից որպես երգիչ ես չեմ կարողանում ինձ ամբողջովին դրսևորել տեղական շուկայում։ Առաջատար երգիչ դառնալու համար հարկավոր է կատարել «կոմերցիոն» երաժշտություն, ինչն ինձ այնքան էլ հետաքրքիր չէ։ Այսպիսով` պրոդյուսերական գործունեությունն ինձ համար այլընտրանք է։  

– Դուք կշարունակե՞ք աշխատել Մերիի հետ որպես պրոդյուսեր։ 

Գրիգոր – Ինձ թվում է, որ այո, թեև մեր համագործակցությունը սկզբում ենթադրում էր միայն մասնակցություն մրցույթին։ Մերին մեծ ստեղծագործական ներուժ ունի։ Նրա տեսահոլովակն արդեն իսկ հավաքել է 2.5 մլն. դիտում, ինչը Հայաստանի համար շատ լավ ցուցանիշ է։ Ես կարծում եմ, որ հետագայում մենք կարող ենք հավակնել «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին։ Առավել ևս, որ մեզ որպես հյուր հրավիրել են մասնակցել մանկական «Եվրատեսիլին», որը տեղի է ունենալու նոյեմբերին Բուլղարիայում։ Մենք պայմանագիր ենք ստորագրել նաև Իգոր Կրուտոյի հետ այն մասին, որ Մերիին կհրավիրեն ելույթ ունենալ զուգերգերով ռուսական աստղերի հետ։ -0-