ArmStyle

Հայ դիզայներ Վահան Խաչատրյանի «haute couture» զգեստը կներկայացվի Փարիզում կայանալիք Maison de l’Amérique Latine ցուցահանդեսի ժամանակ:

Դիզայները Facebook-ի իր էջում հաղորդում է, որ ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը: 
«Զգեստը կարված է նուրբ մետաքսից, շիֆոնից՝ հիշեցնելով այն մասին, որ Հայաստանը հին ժամանակներում «Մետաքսե ճանապարհի» պետություններից մեկն է եղել», — գրում է դիզայները:

Զգեստի կտորին պատկերված են խաղողի վազեր, տերևներ և քարեր, ինչպես նաև մոգերի ընծաների աստվածաշնչյան դրվագը:

Զգեստն ամբողջությամբ զարդարված է արծաթե և ոսկե ձեռագործ ասեղնագործությամբ և կիսաթանկարժեք քարերով՝ մեղեսիկ, մալաքիտ, փիրուզ, ինչպես նաև մարգարիտ և մարջան: 

«Զգեստը ներկայացված է հայկական լավագույն ավանդույթներով, զգեստի միջոցով փառաբանվում է հարուստ հայկական պատմությունն ու մշակույթը», — գրում է Խաչատրյանը: 

Որպես մոդել` հանդես է եկել հայ հայտնի հեռուստահաղորդավար և մոդել Աննա Գրիգորյանը: -0-