ArmStyle

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Հունիսի 27-ի երեկոյան JOSE ռեստորանային համալիրում շոու-բիզնեսի աստղերի և արվեստի, առողջապահության, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ LUXURY ամսագրի «Տարվա մարդիկ 2013» նախագծի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: 

Արարողության մեկնարկից հետո երեկոյի հաղորդավարներ` հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանը և երգչուհի Արփինե Գաբրիելյանը սկսեցին հրապարակել հաղթողների անունները 50 անվանակարգերում: Այսպես, լավագույն մարզիկ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, լավագույն թատերական գործիչ և դերասան է ճանաչվել փարիզաբնակ հայտնի թատերական գործիչ, ռեժիսոր Նարեկ Դուրյանը: Նույն անվանակարգում կանանց շրջանում լավագույնն է ճանաչվել Լիլի Էլբակյանը, ով սպասում է իր երկրորդ բալիկին: 

«Տարվա մարդիկ 2013»-ի արժանի դափնեկիրներից մեկը հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է, ով այս տարի նշեց իր 75-ամյակը: «Ինձ շատ է ուրախացնում, որ այսօր դափնեկիրների շրջանում շատ են երիտասարդները, և ես հավատում եմ, որ մեր երիտասարդությունը պայծառ ապագայի մեր հույսն է», — ասաց կոմպոզիտորը մրցանակը ստանալիս: «Լավագույն շախմատիստ» և «Հայաստանի լավագույն ներկայացուցիչ» անվանակարգերում հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Լևոն Արոնյանը: «Լավագույն էստրադային երգիչ» և «Լավագույն էստրադային երգչուհի» անվանակարգերում մրցանակի արժանացան Էրիկն ու Էմմին, ովքեր արարողության հյուրերին ուրախացրեցին իրենց կատարումներով: Ըստ LUXURY ամսագրի՝ «Լավագույն դասական կատարող» ճանաչվեց հայտնի երաժիշտ Սերգեյ Խաչատրյանը, իսկ նույն անվանակարգում կանանց շրջանում հաղթող ճանաչվեց Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը (սոպրանո): 

Միաժամանակ լավագույն դասական երաժիշտ ճանաչվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Անակնկալ չէր, որ լավագույն դիզայներ ճանաչվեց երիտասարդ տաղանդավոր Ֆաինա Հարությունյանը: «Տասը տարի առաջ վերադարձա Հայաստան՝ լի հույսերով և ծրագրերով, և ահա այսօր ես ստանում եմ այս մրցանակը և շատ երջանիկ եմ», — ասաց դիզայները: 

Քվեարկության արդյունքում լավագույն կինոռեժիսոր ճանաչվեց հայտնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, ով ևս ներկա էր մրցանակաբաշխությանը: «Լավագույն կինոդերասան» և «կինոդերասանուհի» անվանակարգերում մրցանակների արժանացան, համապատասխանաբար, Հայաստանի վաստակավոր արտիստ, մի շարք հայկական և միջազգային մրցանակների դափնեկիր Միքայել Պողոսյանը և դեբյուտանտ Թամարա Պողոսյանը, ով իր առաջին դերն է խաղացել «Քայլ ձիով» կատակերգությունում: «Լավագույն գովազդային դեմք» ճանաչվեց հումորիստ Գարիկ Պապոյանը, ով բացի իր մրցանակից վերցրեց նաև իր գործընկեր և ընկեր Արամ MP3-ի մրցանակը, ով հաղթել էր «Տարվա լավագույն հումորիստ» անվանակարգում, սակայն արարողությանը ներկա չէր: 

2013 թ.-ի գործունեության արդյունքում բալետի ոլորտում լավագույնը ճանաչվեցին Սևակ Ավետիսյանը և Մերի Հովհաննիսյանը: Հայաստանի մեդիադեմք ճանաչվեց բլոգեր Կամո Թովմասյանը: Նախորդ տարվա լավագույն հաղորդավարուհի ճանաչվեց Նազենի Հովհաննիսյանը, իսկ նույն անվանակարգում տղամարդկանց կատեգորիայում մրցանակը հանձնվեց հաղորդավար և լրագրող Արմեն Դուլյանին: «Գիտեմ, որ շատերին չուրախացրեցի, որ մրցանակը շնորհվել է հենց ինձ: Իմ «վատ կամեցողներից» մեկը իմ կինն էր, ով այստեղ գալուց առաջ ինձ ասաց, — «Կարծում էի, թե դու իմ մարդն ես, իսկ պարզվում է, որ դու տարվա մարդն ես»»,- մրցանակը ստանալիս կատակեց Դուլյանը: Հեղինակային կատարող ճանաչվեց հայտնի բարդ Ռուբեն Հախվերդյանը: Ժոր Մելոյանը ճանաչվեց տեսահոլովակի լավագույն ռեժիսոր, իսկ լավագույն երաժշտական խումբ ճանաչվեց The beautified Project ռոք-նախագիծը, որը երեկոյի ընթացքում երկու անգամ ներկայացրեց իր կատարումները: 
Առցանց քվեարկության արդյունքում լավագույն կին գործարար ճանաչվեց «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը: Լավագույն ոսկերիչ ճանաչվեց Արթուր Գասպարյանը, ում պատրաստած զարդերը բազմաթիվ հայ աստղերի իմիջի անբաժանելի մասն են: Երեկոյի ընթացքում լավագույն գրող ճանաչվեց Կարինե Խոդիկյանը: Առցանց քվեարկության մասնակիցները նախորդ տարվա լավագույն լուսանկարիչ ճանաչեցին Սամվել Սևադային, իսկ լավագույն լրագրող` Տիգրան Զարեյանին:

Երկու դափնեկիրներ արժանացան մրցանակների հետմահու` «Տարվա բանկիր» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, ով կյանքից հեռացավ մարտի 22-ին, իսկ «լավագույն գործարար» ճանաչվեց «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանը, ով մահացավ ապրիլի 20-ին: Նախագծի կազմակերպիչները պատրաստել էին նաև հատուկ մրցանակներ, որոնց արժանացան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Մրցանակակիրների ամբողջական ցանկը կարելի է դիտել այստեղ:

«ԱՌԿԱ-Style»-ը միջոցառման ինֆորմացիան հովանավորն է:

Մրցանակաբաշխության ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ: -0-