ArmStyle

Հոկտեմբերի 31-ին նշվեց ամենաարտասովոր, առեղծվածային և ուրախ տոներից մեկը` Halloween-ը: Թեև տոնը սկիզբ է առել անգլալեզու երկրներում 16-րդ դարում և նշվում էր Բոլոր Սրբերի տոնի նախօրեին, այդուհանդերձ գաղտնիք չէ, որ այսօր Halloween-ի աշխարհագրությունը դուրս է եկել Եվրոպայի սահմաններից և տարածվել աշխարհի տարբեր անկյուններում` ԱՄՆ-ից մինչև Չինաստան:

Նորաձև ալիքն իր մեջ առավ նաև Հայաստանի երիտասարդությանը, ով տարեցտարի ավելի մեծ թափով է նշում այս տոնը, որը խորթ է հայկական ավանդույթներին:

Իհարկե, շատերն ընդօրինակում են միայն ատրիբուտների մի մասը, որպես օրենք` ամենագունեղները` կոստյումները, դդում-լուսամփոփները, դիմակները` չուսումնասիրելով տոնի խորհրդանիշերն ու պատմությունը:

Օրինակ` Շոտլանդիայում, Իռլանդիայում արդեն XVI դարում ավանդույթ  էր ձևավորվել` քաղցրավենիք խնդրել տոնական գիշերը: Երեխաներն ու մեծահասակները կտորից պատրաստված դիմակներով գնում էին մի դռնից մյուսը` տան տերերից պահանջելով հյուրասիրություն կամ որևէ չարաճճիություն:

Իսկ ավելի ուշ ավանդույթ դարձավ չարիքը խորհրդանշող կոստյումներ հագնելն ու «Ջեքի լուսամփոփը»` դդմից պատրաստված լապտերը, ձեռքում պահելը։

Այդուհանդերձ, հայ երիտասարդները որոշել են մի շարք ատրիբուտներից և ավանդույթներից ընտրել միայն կոստյումները, դդումն ու բարձր տրամադրությունը:

Չնայած Halloween-ը կարծես անվնաս բնույթ ունի, սակայն արդեն հասցրել է հայկական մտավորականության և հոգևորականության մի շարք ներկայացուցիչների դժգոհության պատճառը դառնալ: Տոնի հակառակորդները համարում են այն «չարիքը երկրպագելու» ձև, որը ծնվել է հեթանոսական ժամանակներում և հակասում է քրիստոնեությանը:

Իսկ հասարակության մյուս մասը տոնի մեջ ոչ մի պիղծ բան չի տեսնում և ողջունում է քաղաքում տիրող ուրախ մթնոլորտը:
Իսկ մինչ հասարակությունը վիճում և զայրանում է, Երևանում հոկտեմբերի 31-ի երեկոն անցավ բավականին գունեղ և ուրախ մթնոլորտում ինչպես զվարճանքի վայրերում, այնպես էլ կենտրոնական փողոցներում:

Գիշերվա քողի տակ մայրաքաղաքի ամենակենտրոնում կարելի էր հանդիպել վամպիրների, զոմբիների, վհուկների: Ընդ որում «չար» մթնոլորտին շտապում էին միանալ նաև փոքրիկները, որոնց դեմքերը «գունազարդում» էին փողոցային նկարիչները:

Դեմքին նկարված դիմակ կարող էր «ստանալ» յուրաքանչյուր ցանկացող, քանի որ գրեթե յուրաքանչյուր քայլափոխի կանգնած էին երիտասարդ նկարիչներ, ովքեր պատրաստ էին գույների և հմուտ ձեռքերի օգնությամբ մեկ րոպեում մարդուն «վերածել» դրակուլայի:

Զբոսնելով քաղաքում` կարելի էր հանդիպել «տարբեր չար ուժերի»` սղոցով վամպիրից մինչև Մալիֆիսենտան:
«ԱՌԿԱ Style»-ի թղթակիցներն անտարբեր չգտնվեցին այս գունեղ երեկոյի նկատմամբ և կազմեցին առավել հիշվող կադրերի իրենց ընտրանին:-0-