ArmStyle

Genealogy խումբը, որն այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2015» երաժշտական մրցույթում և կերգի Face The Shadow երգը, նոր ֆոտոշարք է ներկայացրել: Լուսանկարհանումն իրականացվել է «Մարաշլյան» ֆոտոստուդիայում, հեղինակը լուսանկարիչ Էմմա Մարաշլյանն է: Լուսանկարներում խմբի 6 անդամները ներկայանում են 19-րդ դարի հայկական ազգային տարազներով և թեմատիկ արդուզարդով, նշված է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքում:

Ֆոտոշարքի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական մշակութային արժեքներն ու աշխարհին ներկայացնել հայկական տարազի առանձնահատկությունները։ Նկարահանման ընթացքում մասնակիցները ծանոթացել են հայկական տարազների ստեղծման պատմությանը, ազգային հագուստ կրելու առանձնահատկություններին, հագուստին կից պարագաների բացահայտ և թաքնված իմաստներին:

Խմբի անդամ Ինգա Արշակյանը նկարահանման ընթացքում Համշենի տարազ է կրել: «Տարազը կարծես ամբողջովին վերափոխում է մարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին։ Երջանկություն է, որ հին մշակույթի այս պատառիկները մինչև մեր օրերն են հասել, և մենք այժմ դրանց կրողներն ենք»,- ասել է երգչուհին: 

Խմբի մյուս մասնակիցները՝ Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը և Թամար Կապրելյանը, Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ են հագել: 

«Ինձ համար անչափ կարևոր էր հայկական ազգային հագուստ կրելը: Ես վստահ եմ՝ իմ տատիկն ու պապիկը շատ կհպարտանային ինձնով»,- ասել է Ստեֆանի Թոփալյանը:

Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանն առաջին անգամ էր հայկական ազգային տարազ կրում, նա տեսել էր իր նախնիների լուսանկարները, որոնցում պատկերված մարդիկ նույնատիպ հագուստ էին կրում: Երգչուհին իր մայրիկին մի լուսանկար է ուղարկել, և մայրն ասել է, որ աղջիկը տատիկին է նման:

Թամար Կապրելյանը խոստովանել է, որ իր պապիկը Խարբերդից է և երջանիկ է, որ հենց Խարբերդի տարազը ընտրելու հնարավորություն է ունեցել: 

Եսայի Ալթունյանը ներկայացնում է Լոռվա տարազը: «Առաջին անգամ էի տարազ կրում. այնքան էլեգանտ էր ու գեղեցիկ, որ հասկացա` նույնիսկ շատ տարիներ առաջ հայ ժողովուրդը նորաձևության՝ արդեն հստակ ձևավորված զգացում ուներ»,- նշել է երգիչը:

Վահե Թիլբյանը Վասպուրականի Շատախի շրջանի հագուստ է կրել: Նա պատմել է, որ նախկինում էլ է տարազ հագել հայկական պարեր պարելիս, երբ սովորելիս է եղել Եթովպիայի հայկական դպրոցում: Դպրոցն ուներ երգչախումբ, և բոլորը տարազ էին հագնում համերգների ժամանակ: «Երբ նայեցի ինձ հայելու մեջ, իսկապես զգացի հայկական ոգին»,- ասել է երգիչը:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո: -0-