ArmStyle

Հայաստանում հետաքրքիր փառատոների թիվը տարեցտարի մեծանում է: Եվ դրանցից շատերը ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու միջոց են, այլև ազգային ինքնության և ավանդույթների պահպանման լուրջ և ազնիվ առաքելությունն ունեն:

Փառատոնի միջոցով հայկական մշակույթի հարստությունը լավագույնս ներկայացնելու հերթական փորձ է Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությունը` «Վարդավառ» (Քրիստոսի պայծառակերպության տոնը) առաջին միջազգային փառատոնը, որն այս տարի կնշվի հուլիսի 27-ին:

Ինչպես հայտնի է, Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ Վարդավառը նշվում է Զատկից 98 օր հետո, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն  է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

«Փառատոնի ստեղծման նախաձեռնությունը մեզ մոտ ծնվել է դեռ մեկ տարի առաջ: Հայաստանի և սփյուռքի հայրենակիցներից բացի, փառատոնին կմասնակցեն ավելի քան 120 հյուրեր Իսպանիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, Լատվիայից և այլ երկրներից», — լրագրողներին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Փառատոնի կազմակերպիչները բավականին հագեցած ծրագիր են պատրաստել, որը բաղկացած է երեք մասից: Հատկանշական է այն փաստը, որ միջոցառումը կանցկացվի հայկական մշակույթի սրբավայրերում՝ Գառնու հեթանոսական տաճարում և Գեղարդ վանական համալիրում:

Միջոցառումը կմեկնարկի տոնական պատարագով Գեղարդի վանքում, այնուհետև բոլոր ներկաները կկատարեն «Հավատամք» հոգևոր երգը:

Միջոցառման երկրորդ և երրորդ մասերը կանցկացվեն Գառնու տաճարի տարածքում: «Մայրաքաղաքի և մարզերի բնակիչներն առանձին տաղավարներում կներկայացնեն հայկական ձեռագործության լավագույն ավանդույթները, տեղի կունենա տարազի ցուցադրություն, ինչպես նաև կներկայացվի հայկական երգուպար», — ասաց Մխիթարյանը:

Բացի այդ, փառատոնի մասնակիցները կարող են դիտել Վարդավառին նվիրված հետաքրքիր թատերական բեմադրություններ:

«Մեր նպատակն է աշխարհին ներկայացնել մեր ավանդույթներն ու մշակույթը», — ավելացրեց Մխիթարյանը:

Փառատոնին  կմասնակցի «Ակունք» հայկական ազգագրական համույթը, իսկ ղեկավար Սարգիս Բաղդասարյանը լրագրողներին նշեց, որ Վարդավառը միշտ հատուկ տեղ է զբաղեցրել հայկական տոների շրջանում:

«Դեռ հնագույն ժամանակներում այն մեր ժողովրդի ամենասիրելի տոներից էր: Դրա խորհրդանիշը խնձորն էր: Մարդիկ մեծ ոգևորությամբ էին նշում Վարդավառը, իսկ տոնը միավորում էր նաև այն ընտանիքներին, որոնք ապրում էին տարբեր քաղաքներում կամ գյուղերում: Բացի այդ, դա սիրո խոստովանության օր էր, և բոլոր երիտասարդները սրտի թրթիռով էին սպասում այդ օրվան», — պատմեց Բաղդասարյանը:

Փառատոնին մասնակցել ցանկացողներին անվճար ավտոբուսներ կտեղափոխեն  հուլիսի 27-ին Շահումյանի հրապարակից և Մատենադարանին հարակից տարածքից։-0-