ArmStyle

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի այս տարվա հիմնական գաղափարախոսությունն է խաղաղությունը՝ համամարդկային գլխավոր արժեք։ Այդ մասին «ԱՌԿԱ Style»-ին հայտնեցին փառատոնեի մամուլի ծառայությունից։

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կանցնի Երևանում 2015 թ.–ի հունիսի 26–ից հուլիսի 6–ը։ Փառատոնի ողջ ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։  

Փառատոնի մասնակցության վերջնաժամկետը մայիսի 15-ն է: Մասնակցության հայտ կարող են ուղարկել բոլորը՝ անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից:

Բոլոր աշխատանքները՝ ֆիլմերը, լուսանկարները, ներկայացումները, որոնք կցուցադրվեն փառատոնին, պետք է ժխտեն պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, խտրականությունը, քարոզեն խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն, բարություն, հայրենասիրություն, ինչպես նաև ուղղված լինեն վերականգնելու ընտանեկան արժեքները, երիտասարդների հոգևոր և բարոյական դաստիարակությանը:

Փառատոնին որպես հանդիսատես կարող է մասնակից լինել ցանկացած անձ: Այն, լինելով բացօթյա, յուրաքանչյուր անձի հնարավորություն կտա գալ և գնալ այն ժամանակ, երբ ցանկանում է: Այս առումով փառատոնը սահմանափակում չունի. այն հասանելի է բոլորին: Ցուցադրվող ֆիլմերը դուրս կգան կինոդահլիճային մթնոլորտից, կդառնան ավելի անմիջական միջավայրի մասնիկ և առիթ: Դրանք կցուցադրվեն մեկ անգամ, այն էլ փառատոնի շրջանակում: Ավելի մտերմիկ միջավայր ապահովելու համար աթոռներին կփոխարինեն բարձերը: Աշխատանքների ցուցադրմանը կհաջորդեն քննարկումներ՝ դրանցում արծարծված, դրանց շուրջ առաջացած հարցերի շուրջ: 

2014 թ.–ի հունիսի 21–ից հուլիսի 6–ն անցկացված «Ֆրեսկո» առաջին փառատոնը բավականին հաջող էր։ 

Փառատոնն անցկացվում է բարձր հումանիտար արժեքների տարածման և հաստատման նպատակով։ Ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում են քննարկումներով, որոնք առաջացնում են հասարակության լայն արձագանքը։ Քննարկումներին մասնակցում են նաև փառատոնի հայտնի հյուրերը։  

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-