ArmStyle

«Քայլող հետքեր. հայ նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանն ու Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցադրության նկարները ներկայացվել են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի շենքում:

Նկարիչների աշխատանքները, որոնք արդեն ցուցադրվել են Էստոնիայի մայրաքաղաքում, մեծ հաջողություն են ունեցել այդ երկրում:

«Երբ մեր նկարիչները մեկնում էին Տալլին, մենք նման հաջողություն չէինք սպասում», — երեքշաբթի ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը: 

Նրա խոսքերով՝ այն փաստը, որ ցուցահանդեսին ներկա են քաղաքական գործիչներ, վկայում է այն մասին, որ հայկական արվեստն իր շուրջն է միավորում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց:

«Ի դեպ, սա ցուցահանդես-վաճառք է, և ցանկության դեպքում այցելուները կարող են ձեռք բերել աշխատանքները», — նշեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը հաջորդ տարի սպասում է էստոնացի նկարիչների այցին:

Նրա խոսքերով՝ նկարիչների աշխատանքները կատարված են օֆսեթ վիմագրության, մոնոտիպիայի և օֆորտի տեխնիկայով, ինչը նորամուծություն է հայկական արվեստի պատմության մեջ: 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն նշեց, որ շատ ուրախ է բացել ցուցահանդեսը և ներկայացնել երեք տաղանդավոր գրաֆիկական նկարիչներին ՄԱԿ-ի գրասենյակում՝ ընդգծելով, որ Էստոնիայում ցուցահանդեսը մեծ հաջողությամբ է անցել:

Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը:

Ցուցահանդեսին ներկայացված են Տիգրան Սահակյանի և Արման Վահանյանի հնգական աշխատանքներ և Տիգրան Կիրակոսյանի մի քանի նկարները:

Տալլինում ցուցահանդեսն անցկացվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Էստոնիայի մշակույթի նախարարության և այդ երկրի մշակույթի հիմնադրամի նախաձեռնության և հովանավորչական աջակցությամբ` Էստոնիայի ազգային գրադարանի և Էստոնացի գրաֆիկների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: 

2012 թ.-ին հիմնադրված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի և մյուս երկրների միջև մշակութային փոխանակմանը, նպաստել հայ և օտարերկրացի արվեստի գործիչների միջև երկխոսության կայացմանն ու ամրապնդմանը: 

Ցուցահանդեսը, որը կանցկացվի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 15-ը, նվիրված է ՄԱԿ-ի օրվան, որը նշվում է հոկտեմբերի 24-ին: -0-