ArmStyle

Լեգենդար ջազմեն Լուի Արմսթրոնգի թոռը` Չարլի Արմսթրոնգը, ապրիլի 19–ին Երևանում` Yans երաժշտական ակումբում ներկայացրեց իր առաջին և միակ համերգը։ Չարլի Արմսթրոնգը երգերի կատարող և հեղինակ է, հասարակական գործիչ, գործարար և պրոդյուսեր։ Նա իր ձայնի լայն դիապազոնի շնորհիվ հայտնի է ողջ աշխարհի ակումբներում։ 

Սակայն ունկնդիրների սիրտը գերած և Երևանին ու Հայաստանին բազմաթիվ անգամ սեր խոստովանած աստղի այցն աննկատ չթողեցին ոչ միայն ջազի, բլյուզի և ֆանկի սիրահարները, այլև` համացանցում ակտիվ օգտատերերը։ Չարլի Արմսթրոնգի համերգի հաջորդ օրը ողջ Facebօok–ը բուռն քննարկում էր այն լուրը, թե «թագավորն իրական չէ», այսինքն` Երևան այցելած երգիչը ջազի լեգենդի թոռը չէ։ 

«ԱՌԿԱ Style»–ն անմիջապես կապվեց երևանյան համերգի կազմակերպիչների հետ, ովքեր ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցին, որ Երևան է եկել հայտնի պապի իրական թոռը և նրանք ունեն երաժշտի հետ կնքած համապատասխան պայմանագիրը, որն իրավական ուժ ունի։ 

«Ըստ պայմանագրի` նա Չարլի Արմսթրոնգն է», – «ԱՌԿԱ Style»–ին ասաց «Yans» երաժշտական ակումբի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե Լուի Արմսթրոնգը չէր կարող թոռ ունենալ, քանի որ երեխաներ չի ունեցել, ապա համացանցում հրապարակված տեղեկատվության անգամ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ լեգենդար երաժիշտը միանգամայն կարող էր երեխաներ ունենալ արտաամուսնական կապերից։ Այս մասին, մասնավորապես, գրում է Telegraph.co.uk վստահելի հրատարակությունը։

Եվ վերջապես տրամաբանական հարց է ծագում։ Չարլի Արմսթրոնգը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է օգնություն ցուցաբերել Հայաստանի երկու–երեք մանկատներին, ինչպես նաև մեր երկրում բացել ձայնագրման ստուդիա։ Հաշվի առնելով Հայաստանի ծանր ներդրումային և տնտեսական վիճակը` այդ օգնությունն ավելորդ չէր լինի։ Այստեղից հարց է ծագում` ինչի՞ համար է ինչ–որ մեկն անիմաստ սկանդալ ստեղծել։ -0-