ArmStyle

Երևանի Hay Art մշակութային կենտրոնի պատկերասրահում երեքշաբթի բացվեց Art Expo առաջին միջազգային ցուցահանդեսը։ Կազմակերպիչների խոսքով` ցուցադրությունը բացառիկ է, որովհետև ներկայացվել են արվեստի ամենատարբեր ուղղությունների ներկայացուցիչների 130 աշխատանքները։ Արվեստագետները Հայաստան են ժամանել աշխարհի ավելի քան 10 երկրից։

Ինչպես նշեց միջոցառման գլխավոր կազմակերպիչ Վակո (Վարդգես) Խախամյանը, ցուցահանդեսի շրջանակում ներկայացված է գեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարներ, կոլաժներ, թվային արվեստ և կարճամետրաժ տեսաֆիլմեր, ինչպես նաև` աշխատանքներ, որոնք ստեղծվել են տեխնիկայի համադրությամբ։ 

Խախամյանը «ԱՌԿԱ Style»–ին ասաց, որ եղել է տարբեր երկրներում անցկացված նմանատիպ ցուցահանդեսներում և որոշել է այդպիսի ցուցահանդես կազմակերպել հայրենիքում` Հայաստանում։ «Մեր ցուցահանդեսում ոճային և տարիքային խտրականություն չկա։ Միաժամանակ գրեթե բոլոր նկարիչները պրոֆեսիոնալներ են», – ասաց Խախամյանը։ 

Նա նշեց, որ  ցուցահանդեսին մասնակցող նկարիչների կեսը Հայաստանից են, մյուսները` Վրաստանից, Իրանից, Բելառուսից, Ղազախստանից, Շվեդիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ԱՄՆ–ից, Ճապոնիայից և Պերուից։ 

«Ես անձամբ եմ էլեկտրոնային նամակներ ուղարկել բազմաթիվ նկարիչների, քանդակագործների, դիզայներների։ Նրանք ինձ պատասխանել են, և մենք շարունակել ենք շփվել։ Սակայն շատերն իրենք են մեզ դիմել, ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրել», – ասաց Խախամյանը։ 

Նա հույս ունի, որ Երևանում առաջին անգամ անցկացվող ցուցահանդեսն ավանդական կդառնա։ «Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը կվերածվի բիենալեի, և մենք կկարողանանք ընդլայնել այն և անցկացնել երկու տարին մեկ անգամ», – ավելացրեց Խախամյանը։ 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հերթին, ողջունելով հյուրերին, նշեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Վակո Խախամյանի ջանքերի շնորհիվ, որը վերադարձել է հայրենիք և միահյուսվել հայկական մշակույթի հետ։

Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 29–ինը։ -0-