ArmStyle

Շաբաթ օրը Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ Urban fest «Yerevan 2.0» առաջին երիտասարդական փառատոնը, որը մեկ հարկի տակ  միավորեց յոգայի, երաժշտության, workout-ի և արվեստի սիրահարներին:

Փառատոնի ամենասկզբից այգին պայմանականորեն բաժանվել էր չորս ինքնատիպ հարթակների, որոնցից յուրաքանչյուրը ծառայում էր երիտասարդ մասնակիցների ստեղծագործական մտահաղացումների արտահայտման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ «արտ», «սպորտ», «կրթություն» և «երաժշտություն»:

«Մենք փորձել ենք այս ձևով Երևանում զարգացնել ուրբանիստական երիտասարդական մշակույթի այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են՝ street-art-ը, գրաֆիտին, street-fashion-ը, բրեյք-դանսը: Այս մշակույթը հատուկ է ողջ աշխարհին: Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ ծանոթանան այս մշակույթի հետ և տարածեն այն հասարակության մեջ», — «ԱՌԿԱ Style»-ին ասաց «Yerevan productions»-ի զարգացման տնօրեն և փառատոնի կազմակերպիչ Գայանե Մանուկյանը:

Նա նշեց, որ «արտ» գոտում մասնակիցները «հագուստ» էին գործում ծառերի համար ձմռան նախաշեմին: «Կրթություն» ոլորտում մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցել բաց երկնքի տակ կազմակերպված սեմինարին, որը վերաբերում էր սոցիալական ձեռներեցությանը: Կազմակերպվեց նաև գրաֆիտիի վարպետության դաս:

Միաժամանակ մարզական հարթակը տրամադրվել էր փողոցային պարերի և work-out-ի համար:

«Փառատոնին մասնակցում է մոտ 80 մարդ, որոնց թվում են երիտասարդ ձեռներեցներ և արվեստի գործիչներ, որոնք օգնում են մնացած մասնակիցներին», — ասաց Մանուկյանը: Փառատոնի բացմանը ելույթ ունեցան «Վիտամին» ակումբի մասնակիցները, ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

Սիրահարների այգում ողջ օրը երաժշտություն էր հնչում: Եվ չնայած փառատոնի շրջանակում անվանակարգեր և հաղթողներ չկային, այնուամենայնիվ, յուրաքանչյուր մասնակից դարձավ այս տեղային, սակայն ստեղծարար մեկօրյա միջոցառման մի մասնիկը: -0-