ArmStyle

Երևանում 2015 թվականին անցկացված «Թանգարանների գիշեր» միջոցառումը հայ արվեստասերների հիշողության մեջ դեռ երկար ժամանակ վառ կմնա, քանի որ այցելուների առջև դռներն էին բացել Հայաստանի և Ղարաբաղի գրեթե բոլոր թանգարանները։

««Թանգարանների գիշերը» Հայաստանի մշակութային օջախներն ավելի մոտեցրեց հասարակությանը, թանգարանները դարձան այն վայրերը, որտեղ կարելի էր անկեղծ շփվել և ազգային արժեքների հաղորդակիցը դառնալ», – նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ 

Նրա կարծիքով` խորհրդանշական է, որ այդ օրը թանգարաններն առաջարկում են հատուկ ծրագրեր` ձգտելով թանգարանային գիշերը դարձնել առանձնապես հետաքրքիր և անմոռանալի։ Մասնավորապես, որոշ թանգարանային հարթակներում կազմակերպվել էին երաժշտական բեմադրություններ, դասախոսություններ, ինտերակտիվ խաղեր, ստվերների թատրոնի բեմադրություններ, որոնց կարող էր մասնակցել նաև հանդիսատեսը։ 

«Այս տարի «Թանգարանների գիշերվա» կապակցությամբ մի շարք երկրներում գործող հայկական դեսպանատներում բազմազան միջոցառումներ անցկացվեցին», – նշեց Պողոսյանը։ 

Նա հիշեցրեց, որ 2015 թվականը հատուկ տարի է, քանի որ այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։ «Թանգարանների գիշեր» ծրագիրը ևս անմասն չմնաց։ 2015թ.–ին այն անցկացվում է «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո», – նշեց Պողոսյանը։ 

«Էրեբունի» արգելոց–թանգարանն այցելուների համար հագեցած և հետաքրքիր ծրագիր էր պատրաստել, որի սկզբում հնագետները պատմեցին Արևմտյան Հայաստանի հուշարձանների մասին։

Ֆրանսիական դպրոցի աշակերտները Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաստեղծություններ ընթերցեցին, ինչից հետո ելույթ ունեցան պարային համույթները, անցկացվեց Արմինե Հայրապետյանի ստեղծագործական երեկոն։ Արգելոց–թանգարանի ներկայացուցիչներն այս տարի բոլորին առաջարկեցին զբոսնել գիշերային միջնաբերդի տարածքում։ 

Հայաստանի պատմության թանգարանի միջոցառումները մեկնարկեցին «Գորգի վիրտուալ թանգարան» կայքի շնորհանդեսով, որի ընթացքում ներկայացվեց հայկական գորգագործության պատմությունը։ Թանգարանն այդ գիշեր այցելուներին մի շարք ցուցադրություններ առաջարկեց, որոնցից մեկը «Արտաքսված ժառանգություն» ցուցադրությունն էր` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Այն մանրամասն ներկայացնում էր այն դինաստիաների պատմությունը, որոնք բնակվել են Արևմտյան Հայաստանի վիլայեթներում և գավառներում։  

Թանգարանի երկրորդ հարկում գործող մշտական ցուցադրությունը ևս թարմացվել և փոխվել էր։ Առանձին մեծ վահանակը նվիրված էր մշակութային ցեղասպանության թեմային։ Թարմացված ցուցադրությունը բաղկացած էր երեք մասից` մինչ Ցեղասպանություն, Ցեղասպանություն, որբերն ու որբանոցները։ 

Հայաստանի պատկերասրահը ներկայացրեց մի շարք ցուցադրություններ, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Դրանք «Վկայություն» և «Պատասխան` հարյուր տարի անց»  ցուցահանդեսներն էին։ «Թանգարանների գիշերվա» շրջանակում կարելի էր այցելել նաև 18–րդ դարի ֆրանսիական փորագրությանը նվիրված «Գալանտ ոճի» ցուցահանդես, ինչպես նաև` Մացեյ Սվիշևսկու անհատական ցուցահանդես։ 

Ցուցահանդեսներին զուգահեռ ելույթ ունեցավ «Նարեկ» երգչախումբը, այցելուները վայելեցին «Երաժշտությունն օդում» համերգը, ելույթ ունեցավ «Նարեկացի» ժողգործիքների համույթը։  

Ռուսական արվեստի թանգարանն այցելուների ուշադրությանը ներկայացրեց «Կորուսյալ հայրենիք. լուռ վկաներ» լուսանկարների ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվեցին նկարչուհի Հասմիկ Ազարյանի ուսանողների աշխատանքները։ Նկարչուհին իր ուսանողներին հանձնարարել էր վերաիմաստավորել և ուսումնասիրել կարպետների ազգային նախշերը», – ասաց թանգարանի տնօրեն Անուշ Տեր–Մինասյանը։ 

Նրա խոսքով` թանգարանում ներկայացվել էին ազգային ավանդական կարպետների էսքիզներն ու դրանց վերաիմաստավորված, վերամշակված տարբերակները։ Աշխատանքները նվիրված էին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ 

«Մենք ունեինք մեծ հայրենիք, որի ողջ տարածքում կարպետներ էինք պատրաստում։ Շատ կարևոր է վերստեղծել այդ ամենը։ Այդ պատճառով մենք որոշեցինք կազմակերպել այս ցուցահանդեսը», – ասաց Տեր–Մինասյանը։ Նրանք, ովքեր բաց են թողել «Թանգարանների գիշերը», կարող են թանգարան այցելել նաև մայիսի 18–ին ժամը 10։00–ից մինչև 18։00–ն։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-