ArmStyle

Հուլիսի 23–ից օգոստոսի 3–ը Երևանի նկարիչների միության շենքում կազմակերպվել է քաղաքային քանդակի աննախադեպ ցուցահանդես, որի շրջանակում ներկայացվել են 26 քանդակագործների ավելի քան 50 աշխատանքներ։ 

Առաջին անգամ Երևանում քանդակագործները ոչ միայն ներկայացնում են իրենց աշխատանքները, այլ նաև առաջարկում, թե քաղաքում որտեղ կարելի է դրանք ներկայացնել։ Ցուցահանդեսի նախաձեռնող, ճարտարապետ Նունե Թումանյանը համաձայնեց պատասխանել «ԱՌԿԱ Style» հարցերին։ 

– Ինչպե՞ս է առաջացել նման ցուցահանդես անցկացնելու գաղափարը

Թումանյան – Երևանը զարդարված է բազմաթիվ քանդակներով, սակայն դրանք բոլորը հուշարձաններ են կամ հուշատախտակներ։ Տպավորություն է ստեղծվում, թե զբոսնելով Երևանով` շրջում ես պանթեոնի տարածքով։ Սակայն Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այգում ներկայացված քանդակների հավաքածուն վկայում է այն մասին, որ մարդիկ հետաքրքրվում են քանդակներով։ Արվեստը պետք է մոտ լինի մարդկանց, այն չպետք է թաքցնել թանգարաններում։ Քանդակն արվեստի այն տեսակն է, որը ներդաշնակորեն համադրվում է փողոցների և այգիների ձևավորման հետ, այն հաճելի է և սրտեր է ջերմացնում։ 

– Դուք ասացիք, որ ցանկանում եք տեսնել Երևանը` որպես ձեր երազանքների քաղաք։ Ի՞նչ է պակասում մեր մայրաքաղաքին։ 

Թումանյան – Չեն բավարարում քանդակները։ Կան շատ դատարկ վայրեր, որտեղ կարող էին ներդաշնակորեն համադրվել քանդակները։ Եվ դա այն դեպքում, որ Հայաստանում կան միջազգային ճանաչում ունեցող շատ տաղանդավոր քանդակագործներ։ Նրանք կարող են ստեղծել ստեղծագործություններ, որոնք քաղաքն ավելի գրավիչ կդարձնեն։ 

– Ի՞նչ չափանիշներով էին ընտրվում ցուցահանդեսի համար նախատեսված քանդակները։

Թումանյան – Քանդակագործների առաջ դրված էին կոնկրետ խնդիրներ։ Ներկայացված աշխատանքը չպետք է լինի հուշարձան, հուշատախտակ, ցայտաղբյուր։ Մենք հույս ունենք, որ նման ցուցահադնեսները կդառնան ավանդական, և ուզում ենք, որպեսզի հաջորդ անգամ ցուցահանդեսին մասնակցեն ավելի մեծ թվով քանդակագործներ։ Այս տարի իմ խանդավառությունը բավարարեց 25 քանդակագործի ներգրավելու համար։ 

– Ցուցահանդեսին Դուք ևս ներկայացրեցիք Ձեր աշխատանքները։ Ո՞րն է դրանց հիմնական ուղերձը։ 

Թումանյան – Այո, ես ներկայացրել եմ երեք աշխատանք` «Երազանքի ծառ», «Քայլ» և «Համբյուր»։ Անպայման չէ, որ քաղաքային քանդակն իր մեջ փիլիսոփայական միտք կրի։ Այն կոչված է «քաղցրացնել» հայացքը, ստեղծել տրամադրություն և հատուկ մթնոլորտ։ 

Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ ստեղծելով «Քայլ» քանդակը` ես ցանկանում էի ներկայացնել ձգտում դեպի ապագա, ինքնավստահություն։ Ուզում էի, որպեսզի հանդիսատեսը, նայելով «Քայլ»–ին, վստահ լիներ, որ գնացողը կհասնի իր նպատակին։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-