ArmStyle

Հունիսի 1–ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Երեխաների պաշտպանության օրը միջազգային ամենահին տոներից է, այն նշում են ամբողջ աշխարհում` 1950 թվականից սկսած։ Դրա անցկացման մասին որոշումն ընդունել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան 1949 թվականի նոյեմբերի հատուկ նստաշրջանում։

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ողջունել է այդ նախաձեռնությունը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը  հայտարարել է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։

1959 թվականին ՄԱԿ–ն ընդունել է Երեխայի իրավունքների հռչակագիր, որում ընդգրկվել են ծնողներին, պետական մարմիններին, տեղական իշխանություններին և կառավարություններին, ոչ կառավարական կազմակերպություններին երեխաների իրավունքների և ազատության պահպանման մասին կոչ անող հոդվածներ։ Հռչակագիրը խորհրդատվական բնույթ է կրել և պարտադրող ուժ չի ունեցել։ 

1989 թվականի նոյեմբերի 20–ին ՄԱԿ–ն ընդունել է երեխայի իրավունքների կոնվենցիա, որը ստորագրել է 61 պետություն։

Հայաստանը ՄԱԿ–ի` երեխայի իրավունքների կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, ինչից հետո 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ 

Հունիսի 1-ին Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված զանազան միջոցառումներ անցկացվեցին։ -0-