ArmStyle

«Սահման» ամենամյա դպրոցական փառատոնի շրջանակում երեքշաբթի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է անվանի հայ լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանի լուսանկարների ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսում ներկայացված են երեխաների 15 լուսանկարներ, ովքեր լուսանկարվել են ժապավենով` ավելի մեծ գեղարվեստականության հասնելու համար։ Ես փորձում եմ խուսափել իմ աշխատանքները խմբագրելուց` այլ ուղիներով տարբեր էֆեկտներ ստեղծելով»,– լրագրողներին պատմեց լուսանկարների հեղինակը

Նա հավելեց, որ լուսանկարների մեծամասնությունը զուտ իմպրովիզացիա են եղել։

«Ներկայացված լուսանկարներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Դրանք ինձ համար մեծ նշանակություն ունեն, քանի որ աշխատանքներում ես տեսնում եմ իմ արտացոլումը»,– ավելացրեց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ծրագրվում է նման ցուցահանդես անցկացնել Հայաստանի այլ քաղաքներում և Ղարաբաղում։

«Սահման» փառատոնը հիմնվել է 2011թ.–ին։ Փառատոնի ղեկավարն է «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիր Ալեքսան Մինասյանը։

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և անձամբ Սեյրան Օհանյանի աջակցությամբ, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության` Գաբրիել Ղազարյանի գլխավորությամբ։-0-