ArmStyle

Dolce&Gabbana–ի՝ Instagram-ի պաշտոնական էջում հայկական տարազ հագած երիտասարդ հայ ընտանիքի լուսանկար է հրապարակվել։

DGFAMILY գլոբալ ընտանեկան ֆոտոնախագծին կարող են մասնակցել բոլորը։ Դրա համար հարկավոր է միայն մտնել ապրանքանիշի պաշտոնական կայք և  լուսանկարներ տեղադրել։ Բեռնելուց հետո լուսանկարի վրա հայտնվում է Dolce&Gabbana գրառումը, և այն դառնում է մեծ ընտանեկան ալբոմի մի մասը։ 

Պետք է նշել, որ Instagram–ում հրապարակված այս լուսանկարը հայերի մոտ հպարտության և հիացմունքի զգացողություն էր առաջացրել, իսկ թուրք և ադրբեջանցի օգտատերերի մոտ` զայրույթի և անհամաձայնության բուռն արձագանք, այդ պատճառով էլ Atelier Marashlyan Retro–ն որոշել է այս կապակցությամբ մեկնաբանություն ներկայացնել Facebook սոցիալական կայքի սեփական էջում։

«Հաճելի անակնկալ էր իմանալ, որ Atelier Marashlyan-ի լուսանկարներից մեկը հայտնվել է Instagram Dolce&Gabbana -ում: Սակայն, ինչպես միշտ, հայտնվեցին մեր «հարևանները» և հանդես եկան հերթական պրովոկացիոն հայտարարությամբ, թե հայերը կրկնօրինակում են իրենց մշակույթը, հագուստը և այլն: Նույնիսկ հայտնվեցին մարդիկ, ովքեր պնդում էին, թե լուսանկարում ադրբեջանական ընտանիք է»,– ասված է մեկնաբանության մեջ:

Atelier Marashlyan Retro–ն այդ ֆոտոշարքի այլ լուսանկարներ էլ է հրապարկել և գրել է. «Տեղադրում ենք լուսանկարներ (այդ թվում և գունավոր տարբերակները) այդ ֆոտոսեսիայից, որպեսզի պարզ լինի, որ ընտանիքը ՀԱՅ է և բոլորը կրում են 
հայկական ազգային հագուստներ՝ «տարազներ» (Վասպուրական, Էրզրում, Զանգեզուր, Արցախ, Լոռի և Սասուն շրջանների): -0-

Լուսանկարը` Atelier Marashlyan Retro–ի: