ArmStyle

Նախօրեին երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում եզրափակվեց ReAnimania երևանյան VI միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որն անցկացվում էր Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 25-31-ը:

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում, ինչը ReAnimania-ի տնօրեն և հիմնադիր Վրեժ Քասունու կարծիքով՝ վկայում է փառատոնի հաջողության և վերջին վեց տարում գրանցած ձեռքբերումների մասին: 

Հաղթողների անունները հրապարակեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը` ժյուրիի անդամների հետ միասին: Բացի մրցանակակիր ֆիլմերից, առանձնացվեցին նաև մի քանի ֆիլմեր` «ժյուրիի հատուկ նշում» անվանակարգում:

Եվ այսպես՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» բրազիլական անիմացիոն ֆիլմը, իսկ ժյուրիի հատուկ նշումի արժանացավ լատվիացի ռեժիսոր Սիգնե Բաումանեի «Գրպանիս քարերը» ֆիլմը:

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար» ամերիկա-հունական աշխատանքը: Հատուկ նշվեց գերմանացի ռեժիսոր Ռոբերտ Լյոբելի «Քամի» անիմացիոն ֆիլմը:

«Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» անվանակարգում հաղթեց ռուս ռեժիսոր Սերգեյ Մերինովի «Պլաստիլինե Այբուբեն» ֆիլմը, իսկ ժյուրին հատուկ նշեց ֆրանսիացի ռեժիսոր Մորիս Յուվլինի «Մեծ Հրաձիգը» ֆիլմը:

«Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում հաղթեց խորվաթ Ելենա Օրոզի «Ֆաքոֆբոլան. Մի՞շտ, թե՞ երբեք» ֆիլմը: Ժյուրին հատուկ նշեց Դիեգո Ակելի «Շնորհակալություն» բրազիլական հոլովակը: 

Լավագույն դիպլոմային ֆիլմ ճանաչվեց Ալեքսանդր Խետմերովի «Աստվածների քաղաքը» չեխական ֆիլմը։ Ժյուրին նշեց նաև Կարոլինա Սպեխտի «Անհավանական ճկուն մարդը» լեհական ֆիլմը։

Իսկ արգենտինացի ռեժիսոր Խուլիո Լուդուենիայի «Քրոնոպներ և ֆամաներ» ֆիլմը ստացավ Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակը`լավագույն կոնցեպտուալ լուծման համար։

Փառատոնի կազմակերպիչները նախընտրեցին հրաժեշտ չտալ իրենց հավատարիմ հանդիսատեսին, այլ ազդարարել ReAnimania երևանյան  VII միջազգային անիմացիոն կինոփառատոնի մեկնարկը:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Արի Ֆոլմանի «Կոնգրես» անիմացիոն ֆիլմի պրեմիերայով: Մրցանակակիր ֆիլմերը կցուցադրվեն հոկտեմբերի 31-ին:

Այս տարի մրցութային ծրագրի հինգ անվանակարգերում ներկայացված էր 200 ֆիլմ, իսկ փառատոնի շրջանակում, ընդհանուր առմամբ, ցուցադրվեց ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ ու հոլովակ:

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: -0-