ArmStyle

Նոյեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա WDF Docando ֆեդերացիայի նախագահ, դերասան, կինոռեժիսր Գոռ Վարդանյանի նոր՝ «Ստվերները դրախտում» ֆիլմի պրեմիերան: 

Ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպեց ֆիլմի ստեղծագործական անձնակազմը՝ Գոռ Վարդանյանի գլխավորությամբ: Նրանք խոսեցին ֆիլմի սցենարի, դերակատարների, նկարահանման աշխատանքների մասին: 

Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում: Այն էմիգրանտների կյանքի մասին է, հիմնականում այն մարդկանց, ովքեր տեղափոխվել են ԱՄՆ ԽՍՀՄ փլուզումից հետո: 

«Ֆիլմը մի հայ ընտանիքի մասին է, երկու եղբայրների մասին, որոնց աշխարհայացքն ու կենսակերպը տարբեր են: Ֆիլմը մարդկային պատմություն է: Ներկայացվում է, թե ինչպես կարող է անկանխատեսելի զարգացումների արդյունքում մարդը կերպարանափոխվել ու ստիպված լինել անել այն, ինչ չէր ցանկանա անել»,- նշեց Գոռ Վարդանյանը: 

Կինոռեժիսորի խոսքով՝ ֆիլմը ցույց է տալիս, որ իրականում ֆինանսները մարդուն երջանկություն չեն բերում: «Ֆիլմի գլխավոր ասելիքն այն է, որ ամերիկյան երազանքի, ճոխ կյանքի, բիզնեսների հետևում իրականում շատ ավելի ծանր խնդիրներ են թաքնված: Ֆիլմի հերոսը կցանկանար այդ գումարները չունենալ, փոխարենն ունենար այն, ինչ կորցրել է: Չէի ցանկանա, որ մարդիկ ունենային հերոսի ճակատագիրը»,-ասաց նա: 

Ֆիլմի բնօրինակն անգլերեն է: Ֆիլմի անգլերեն սցենարի հեղինակ Թագուհի Օհանյանն ասաց, որ երբևէ չի դիտել Գոռի նկարահանած ֆիլմերը: «Կարծում եմ՝ դա հնարավորություն տվեց ինձ չնմանեցնել Գոռի այս կերպարը նրա մարմնավորած նախորդ կերպարներին: Ես փորձեցի բոլորովին այլ Գոռի ներկայացնել։ Գոռն այս ֆիլմում միայնակ հոր կերպար է մարմնավորում: Ավելի սիրառատ, քնքուշ և զգացմունքային կերպար է։ Դուք Գոռին այսպես երբեք չեք տեսել»,-ասաց Թագուհի Օհանյանը: 

Գոռ Վարդանյանի խոսքով՝ ֆիլմում նկարահանվել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ ամերիկացիներ, ռուսներ, մեքսիկացիներ: 

«Հատկապես կցանկանայի առանձնացնել հերոսի մոր կերպարը մարմնավորողին: Նա անգլիացի է, հայերեն ընդհանրապես չգիտի, բայց հայ մոր շատ հետաքրքիր կերպար է մարմնավորում: Շատ բարձր դերակատարում է ունեցել»,- նշեց կինոռեժիսորը: 

Ըստ նրա՝ այս ֆիլմը, ինչպես նախորդները, հիմնված չէ կարատեի վրա, սա ավելի շատ դրամա է, որը նոր ոճ է իր` և՛ որպես դերասանի, և՛ որպես ռեժիսորի համար: 

Հարցին, թե որքան գումար է ծախսվել ֆիլմի արտադրության վրա, ռեժիսորը պատասխանեց, որ ամերիկյան չափանիշներով ֆիլմը համարվում է միջին դասի, սակայն որևէ թիվ այդպես էլ չնշեց՝ ընդգծելով, որ իրականում ֆինանսը կապ չունի ֆիլմի որակի հետ:

Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը խոստովանեց՝ այս ֆիլմով առաջին հերթին նպատակ ունեն մտնել միջազգային կինոշուկա։ Հայաստանում էկրան բարձրանալուց հետո ֆիլմը կցուցադրվի նաև այլ երկրներում: 

«Մեր նպատակը մեծ շուկա դուրս գալն է: Թե՛ դերասանների, թե՛ ռեժիսորների նպատակների գագաթնակետը Հոլիվուդում ֆիլմ նկարահանելն է: Նման երազանք ունեցել եմ նաև ես: 15-20 տարի աշխատել եմ, պայքարել եմ, սովորել եմ, հիմա իրականացնում եմ իմ նպատակը»: 

Գոռ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում նկարահանված ֆիլմերը երբեք դուրս չեն գալիս համաշխարհային կինոշուկա, քանի որ դրանք անհետաքրքիր են, չեն գրավում կինոգետներին։ 

«Այսօր չկա որևէ հայկական ֆիլմ, որը գնված լինի որևէ միջազգային ընկերության կողմից, իսկ եթե նման բան չի լինում, ֆիլմը մեռնում է։ Մեր նպատակն այն է, որպեսզի կարողանանք գրավել հոլիվուդյան շուկան»,- ընդգծեց Գոռ Վարդանյանը։ -0-