ArmStyle

«11:41» ֆիլմի պրոդյուսեր Ալեք Շահբազյանը «ԱՌԿԱ Style»-ին հայտնել է, որ հաջող ընթացքի դեպքում Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «11:41» ֆիլմի ստեղծման նախագիծը կսկսվի 2015 թ.-ի հունվարին, իսկ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ.-ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41-ին:

Ֆիլմում կնկարահանվեն Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Սիդիխինը, Ալեք Շահբազյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Չուլպան Խամատովան, Ռաֆայել Քոթանջյանը, Սոս Ջանիբեկյանը:

Ֆիլմի պատմությունը, որը տեղադրված է film.ru կայքում, այն մասին է, թե ինչպես 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին ուղիղ ժամը 11:41-ին դժոխք սկսվեց: Ռիխտերի սանդղակով ավելի քան 10 բալ ուժգնության երկրաշարժը տևեց մեկ րոպեից պակաս, սակայն հասցրեց քանդել Հայաստանի գրեթե ողջ հյուսիսային մասը: Լենինականի բնակելի տների ավելի քան 80 տոկոսը մեկ ակնթարթում վերածվեցին փլատակների:

Փլատակների տակ հայտնված մարդկանց թվում երիտասարդ մի կին է՝ փոքր դստեր հետ: Մայրն ամեն կերպ փորձում է հանգստացնել փոքրիկին, սակայն ցավը, քաղցը, ցուրտը ուժգնանում են, փոքրիկը խմել է ուզում, և այդ ծայրահեղ պայմաններում մայրը ստիպված է լինում նրան խմեցնել սեփական արյունը…

Իսկ վերևում սկսվում են փրկարարական աշխատանքները: Առաջիններից օգնության է գալիս ՌԽՍՀ-ի ինքնաթիռը, և օդաչուն փրկարարների հետ ավերված քաղաք է մեկնում: Երիտասարդ կինը վերջին ջանքերով փորձում է հանել իր խաչով շղթան՝ դստեր պարանոցին գցելու համար, սակայն կնոջ ձեռքերն արդեն չեն շարժվում… Նա դժվարությամբ իրականություն է վերադառնում և իր դստերը տեսնում է ռուս օդաչուի ձեռքերում:

…Շատ տարիներ անց այդ նույն օդաչուն կատարում է իր վերջին չվերթը Մոսկվա-Գյումրի (նախկինում` Լենինական) երթուղով: Նա դուրս է գալիս ինքնաթիռի խցիկից և նկատում մի կնոջ ու աղջկա, և այդ կինը նրան շատ ծանոթ է թվում: Նա մոտենում է նրանց և գրպանից հանում է այդ նույն շղթան, որն արդեն երկար տարիներ պահում է իր մոտ՝ որպես թալիսման…

Ֆիլմում առկա են և action-ի, և հոգեբանական մելոդրամայի, և անգամ հումորային տարրեր. չէ՞ որ նույնիսկ նման ողբերգական պահերին գյումրեցիները չէին կորցնում հումորի զգացումը:

Ֆիլմը ստեղծվել և կյանքի է կոչվում «ՍԻՆԵՄԱ ԿՈՆՑԵՊՏ ՓՐՈԴԱՔՇՆ» նորաստեղծ ռուսական կինոընկերության կողմից:- 0-