ArmStyle

Ուրբաթ Երևանում ցուցադրվեց «Սկոտչ & վիսկի» ֆիլմը, որը հանդիսատեսի վրա մեծ տպավորություն թողեց։ Նուրբ հումոր, ռեժիսորական և օպերատորական մեծ աշխատանք, անթերի դերասանական խաղ… 

Հայկական կինոյի` արդեն ավանդական դարձած ժանրին սովոր հայ հանդիսատեսին այս անգամ զարմացրել էր կինոաշխարհ բերված թարմությունը։ 

Ֆիլմը պատմում է ամուսինների մասին, որոնց կյանքում բարդ փուլ է սկսվել։ Գլխավոր հերոսները` Էվան և Միկան, անսպասելիորեն հայտնվում են անհավանական արկածների «սարդոստայնում», ծիծաղելի իրավիճակներն ուղեկցվում են հիասթափությամբ և կրքով, միմյանց կորցնելու և անգամ մահանալու վախով։ Ֆիլմն ամբողջությամբ դիտելու դեպքում կարելի է տեսնել, թե ինչպես են հերոսները կարողանում ազատվել անախորժություններից։ 

«Սկոտչ & վիսկի» ֆիլմի բեմադրող–ռեժիսոր Արշալույս Հարությունյանը մամուլի ասուլիսից առաջ, բոլորի համար անսպասելի, սկոտչով փակեց գլխավոր հերոսի` Միկայի (Ռաֆայել Երանոսյան) բերանը և նշեց, որ իր ֆիլմը պատմում է սիրո և այն մասին, թե ինչպես պետք է այն պահպանել։ 

«Ի սկզբանե ուզում էի այս թեմայի շուրջ ֆիլմ նկարահանել, սակայն բյուջեն թույլ չէր տալիս։ Թեման ինձ հոգեհարազատ էր։ Ֆիլմ նկարահանելու գաղափարն ինձ հանգիստ չէր տալիս, և ես արեցի դա», – խոստովանեց Հարությունյանը։ 

Նա ավելացրեց, որ եթե կրկին նկարահանելու լիներ «Սկոտչ & վիսկին», ապա կրկին և մեծ հաճույքով կաշխատեր նման պրոֆեսիոնալ և հաճելի դերասանական կազմի հետ։ 

«Ֆիլմը ռուս հանդիսատեսի համար հասանելի կլինի այս տարվա սեպտեմբերից։ Այժմ մենք զբաղվում ենք թարգմանությամբ, և աշնանը «Սկոտչ & վիսկին» կցուցադրվի Մոսկվայի կինոթատրոնների էկրաններին», – ֆիլմի պրեմիերայից առաջ ասաց Հարությունյանը։ 

Ֆիլմի հիմքում համանուն ներկայացումն է, որը երկար տարիներ ի վեր մեծ հաջողությամբ ցուցադրվում է Երևանի Կամերային թատրոնում։ Ներկայացումը 2013թ.–ին «Արտավազդ» մրցանակ է ստացել «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։ Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Իրինա Դանիելյանը։ Բեմադրող–օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։ 

Ֆիլմը նկարահանել է BERG SOUND ռուսական ընկերությունը։ 

Ֆիլմի պրեմիերայի լուսանկարները կարող եք դիտել այստեղ։ -0-