ArmStyle

Ամերիկահայ ռոքեր, «System of a Down» հանրահայտ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը երաժշտություն կստեղծի Արցախի մասին պատմող «Վերջին բնակիչը» ֆիլմի համար։ «Գոլոս Արմենիի» թերթը գրում է, որ այս մասին տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։

«Սկսում ենք նախապատրաստական աշխատանքները, ամռանը կսկսենք նկարահանումները։ Ֆիլմի կոմպոզիտորը Սերժ Թանկյանն է։ Նա արդեն սկսել է աշխատել երաժշտության վրա», – ասել է Ավետիսյանը։ Նախորդ տարի ռեժիսորը Կաննի փառատոնում ներկայացրել էր Արցախի ազատագրական պատերազմի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը, որը նկարահանվել էր լիտվացիների հետ համատեղ։ Ռեժիսորը փառատոնում ներկայացրել էր նաև «Վերջին բնակիչը» նոր ֆիլմի նախագիծը, որն ադրբեջանական հերթական հիստերիայի դրսևորման պատճառ էր դարձել։

«Վերջին բնակիչը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1988–89 թթ.–ին։ Ֆիլմի էպիկենտրոնում կրկին Արցախն է, գյուղերից մեկի բնակչի պատմությունը։ Զուգահեռ տեղի են ունենում Սումգայիթի իրադարձությունները, որոնք թեև ֆիլմում չեն ցուցադրվում, սակայն ներկայացվում է, թե ինչ հետք են թողել դրանք մարդկանց մեջ։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանն ու Մասիս Բաղդասարյանը։ Գլխավոր դերերում հանդես կգան հայտնի օտարերկրյա դերասաններ։ -0-