ArmStyle

Ֆրանսահայ հայտնի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ռոբեր Գեդիկյանը կգլխավորի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին, լրագրողներին ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Ոսկե ծիրան» միջազգային 12–րդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-19–ը։ 

Գեդիկյանը և մի շարք այլ հայտնի կինոգործիչներ Երևան կժամանեն այդ թվում` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության օժանդակության շնորհիվ։

Փառատոնը կբացվի Գեդիկյանի «Մի խենթի պատմություն» (Une Histoire de Fou) ֆիլմի ցուցադրությամբ։ Ավելի վաղ այդ ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրության մեջ։ 

««Ոսկե ծիրանը» միջազգային լայն կապեր ունի, որոնք արդյունավետ չէին լինի, եթե Հայաստանի արտասահմանյան պետությունների դեսպանություններն ակտիվ մասնակցություն չունենային դրան»,– նշեց Հարությունյանը։ 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին նշեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում կանցկացվի «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որն ընդգրկում է վերջին տարիներին  Ֆրանսիայում նկարահանված ֆիլմերի ցուցադրություն։ 

Մամուլի ասուլիսին ներկա Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն ընդգծեց, որ այն փոքր ժամանակահատվածում, երբ անցկացվում է «Ոսկե ծիրանը», Հայաստանը կդառնա համաշխարհային կինոյի համաշխարհային կենտրոն, ամբողջ աշխարհի լավագույն դերասանների և ռեժիսորների ձգողական խոշորագույն կենտրոն։ 

«Մշակույթի և արվեստի օգնությամբ կարելի է այս աշխարհն ավելի բարի և լավը դարձնել… Շատ կարևոր է, որ Հայաստան կժամանեն նաև ռուս լրագրողներ, կինոքննադատներ, որպեսզի ռուս հեռուստադիտողին հասցնեն այն, ինչ կատարվում է Երևանի կինոփառատոնի ժամանակ»,– ասաց Կալինինը։ 

«Ոսկե ծիրանի» շրջանակում ցուցադրվող բոլոր ֆիլմերի ամբողջական ցանկը կտեղադրվի փառատոնի պաշտոնական կայքում։ 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանում ամենաճանաչվածներից մեկը: Կինոփառատոնը անցկացվում է Մշակույթի նախարարության և VivaCell-MTS–ի աջակցությամբ։

Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային Ficts Plate D’honneur միության գլխավոր մրցանակին:

Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերն են համաշխարհային կինոյի աստղեր Քշիշտոֆ Զանուսին, իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին, ամերիկացի դերասանուհի Նաստասյա Կինսկին։ -0-