ArmStyle

Գյումրիում բնակվող կինոյի սիրահարներին հաճելի լուր է սպասում` նոյեմբերի 15-ին մեկնարկում է ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնի Գյումրու փուլը: 

Փառատոնի կազմակերպիչները հաղորդում են, որ յոթ օրվա ընթացքում  գյումրեցիները հնարավորություն կունենան դիտել ReAnimania-ի լավագույն ֆիլմերը: Փառատոնը կբացվի Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» ֆիլմի ցուցադրությամբ, որը հաղթել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Ֆիլմերը կցուցադրվեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Կերպարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։
Նոյեմբերի 16-ին կցուցադրվեն լավագույն կարճամետրաժ ֆիլմերը և «Ֆոլիմաժ» ստուդիայի «Փարիզցի կատուն» ժապավենը։ Բացի այդ, կներկայացվեն հայկական անիմացիայի լավագույն նմուշները։

Նոյեմբերի 17–ից կցուցադրվեն դիպլոմային ֆիլմերն ու փառատոնի մրցութային ծրագրի կարճամետրաժ ֆիլմերը։

ReAnimania անիմացիոն կինոփառատոնը 6-րդ անգամ անցկացվեց Երևանում հոկտեմբերի 25-31–ը։ Փառատոնի շրջանակում ընդհանուր առմամբ ցուցադրվեց ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ և հոլովակ։
Գյումրու ցուցադրությունների կազմակերպիչներն են նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «ԱՊԱԳԱ թեքնոլոջիս» ընկերությունը։

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: -0-