ArmStyle

Կիրակի մեկնարկած «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն ընդլայնում է միջոցառումների ցանկը, որոնք արդեն ավանդական և սպասված են դարձել, նաև ներկայացնում է նորերը:

Փառատոնի հիմնական թեման է Սերգեյ Փարաջանովն ու նրա բազմակողմանի  ստեղծագործությունը, իսկ Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված «Նռան գույնը» լեգենդար ֆիլմով ազդարարվեց փառատոնի բացումը:

Բացի այդ, փառատոնի մեկնարկից մի քանի ժամ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ լուսանկարչական ցուցահանդես, որը նվիրված էր Վարպետի կյանքին և ստեղծագործությանը, ցուցահանդեսին ներկա էր նաև լուսանկարների հեղինակ Յուրի Գարմաշը:

Փարաջանովյան ոգով և ոճով տեղի ունեցավ նաև փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցադրվեցին Փարաջանովին նվիրված գեղարվեստական ինստալացիոն ծրագրեր, որոնք պատրաստվել են իտալացի վարպետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիերոյի ղեկավարությամբ:

Փառատոնի բացմանը ներկա էր նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Փառատոնի կազմակերպիչները Փարաջանովին հարգանքի տուրք կմատուցեն նաև նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններով, ինչպես նաև «Ուկրաինական պոետիկ կինո» հատուկ ծրագրում ներառված նրա ֆիլմերի ցուցադրությամբ:

Իսկ «Փարաջանովյան ծրագրի» գագաթնակետը կդառնա «Ծիրանի ծառ» նախաձեռնությունը, որի շրջանակում Երևանում գտնվող «Ժողովրդական արվեստի  հանգույց» մշակութային կենտրոնում տեղի կունենա կլոր-սեղան համաժողով` նվիրված Սերգեյ Փարաջանովին:

Ինչպես նշել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, Փարաջանովի ստեղծագործության 14 օտարերկրյա և 8 հայ գիտակներ, որոնցից շատերը ռեժիսորին անձամբ են ճանաչել, կհավաքվեն կենտրոնում և մի քանի օր մտքեր կփոխանակեն, կդիտեն Փարաջանովի ֆիլմերը և թեմատիկ հարցեր կքննարկեն:

Իսկ երեկոյան կազմակերպիչները ծրագրում են բաց երկնքի տակ ցուցադրություններ կազմակերպել մեծ էկրանին, որը տեղադրված է «Ժողովրդական արվեստի հանգույց» մշակութային կենտրոնի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի մոտ:

Իսկ մշակութային կենտրոնի հիմնադիր և ղեկավար Լևոն Դեր-Բեդրոսյանը հույս հայտնեց, որ «Ժողովրդական արվեստի հանգույցն» ավելի ամուր կկապվի և կվերածվի Ազգագրության և ժողովրդական ստեղծագործության իսկական փառատոնի: «Մեզ համար չափազանց կարևոր է աշխարհին ցույց տալ մեր արվեստը, մշակույթը և լինել մեր ապագայի ու ներկայի տերերը»,- ընդգծել է Դեր-Բեդրոսյանը:

Ի դեպ բացառված չէ, որ Ազգագրության և արվեստի փառատոնը կարող է դառնալ «Ոսկե ծիրանի» դուստրը:-0-